Ոստիկանության մեծ ներուժը կհամակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ․ Անդրեասյանը՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին
11:53 - 12 հուլիսի, 2022

Ոստիկանության մեծ ներուժը կհամակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ․ Անդրեասյանը՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին

Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումներ է հրավիրել։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը իր ելույթում նշեց, որ նախարարության ստեղծումը մեծ քայլ կլինի Հայաստանի իրավապահ համակարգի համար․ «Կատարված մեծ աշխատանքը մոտ է իր լրումին։ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, ընդ որում՝ ուզում եմ հատուկ շեշտել, ոչ թե վերաստեղծումը, այլ նոր նախարարության ստեղծումը շատ կարևոր, մեծ քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար։ Ամենևին չեմ նսեմացնում այն ամբողջ ճանապարհը, որ անցել է մեր հարգարժան Ոստիկանությունը, մեր նախկին ներքին գործերի նախարարությունները։ Ուղղակի ուզում եմ հատուկ ընդգծել, որ այն կոնցեպտը, որը ներկայացվելու է իմ գործընկերների կողմից, լիովին նոր նախարարության, լիովին նոր հայեցակարգի մի մոտեցում է, որտեղ Ոստիկանությունը չի անվանափոխվում և դառնում ՆԳՆ։ Ոստիկանությունը, իհարկե, պահպանելու է իր շատ կարևոր դերակատարումը, բայց Ոստիկանությունը լինելու է սիրտը, մի կարևոր մասը, քաղաքացիական կառույցի, քաղաքացիական կառավարման, քաղաքական կառավարման, որը լինելու է նոր ներքին գործերի նախարարությունը»։

Անդրեասյանը անդրադարձավ նաև քննադատություններին, որոնց համաձայն Ներքին գործերի նախարարության ստեղծումն ուշացել է․ «Այս ամիսները ձգձգվեցին, նաև իմ պաշտոնավարման ամիսների ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց, որպեսզի մենք գտնենք Ներքին գործերի նախարարության ստեղծման ամենաարագ և օպտիմալ լուծումը։ Եվ այս ուշացումը, հավատացեք, չի ուշացնի այն երազանքներն ու ցանկությունները, որ մենք դրել ենք այս հայեցակարգի հիմքում»։

Նրա խոսքով՝ ստեղծվելու է այնպիսի նախարարություն, որը լրացուցիչ բեռ չի դնի պետության վրա․ «Մենք մեր միջազգային գործընկերների հետ գտանք ամենաարագ լուծումը և զրոյից չենք ստեղծելու նախարարություն, մենք վերցնելու ենք Արտակարգ իրավիճակների նախարարության հենքը։ Այս ամիսների աշխատանքի ամբողջ գաղտնիքը նաև այն էր, որ այնպիսի մոդել առաջարկենք, որ լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ բեռ չդնի պետության վրա, զրոյից չհավաքի մի նոր կառույց, այլ եղած Ոստիկանության մեծ ներուժը համակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ և կարողանանք միասին ստեղծել մի նոր, հետաքրքիր կառույց»։

Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ գործընկերներին փորձագիտական աջակացության համար․ «Փորձագիտական աջակցության շնորհիվ մենք կարողացանք համադրել  այս բոլոր կարևոր օղակները մեկ պոտենցիալ  նախարարության մեջ։ Սա շատ կարևոր հանգամանք է, ընդ որում՝ ուզում եմ նաև ընդգծել, որ սա ԱԻՆ-ը ՆԳՆ սարքելու նախագիծ չէ։ Այս դեպքում էլ Փրկարար ծառայության, ոստիկանության և մյուս բոլոր ծառայությունների շատ կարևոր մի համակցություն պիտի անենք։ Այդ իմաստով Ներքին գործերի նախարարության կառուցվածքը լինելու է շատ հարուստ, իրար հետ  շատ կարևոր կապերով միաթելված, բայց միևնույն ժամանակ տրամաբանորեն խնայելու է հսկայական ռեսուրսներ՝ առանձին մի քանի մարմիններ դրանց փոխարեն պահելու համար»։

Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց նաև ԵՄ գործընկերներին, քաղհասարակության ներկայացուցիչներին։

Անդրեասյանը ասաց, որ 10-օրյա ժամկետում նախատեսում են օրենսդրական փաթեթի լրամշակում և հույս հայտնեց, որ սեպտեմբերին խորհրդարանական գործընկերները հավանություն կտան օրենսդրական այդ  փաթեթին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել