Պետական բյուջեի պահուստային ֆոնդից 11.8 մլրդ դրամ ուղղվեց ավտոճանապարհների հիմնանորոգմանը
12:03 - 14 հուլիսի, 2022

Պետական բյուջեի պահուստային ֆոնդից 11.8 մլրդ դրամ ուղղվեց ավտոճանապարհների հիմնանորոգմանը

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում որոշեց 11.8 միլիարդ դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որը կուղղվի Հանրապետության ավտոճանապարհների հիմնանորոգմանը։

«Առաջարկվում է պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 11.8 միլիարդ դրամ, որը կուղղվի երկու միջպետական նշանակության ավոտճանապարհների հիմնանորոգմանը՝ 2.6 միլիարդ դրամ շրջանակներում, թվով 6 հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման՝ 5.5 միլիարդ դրամի շրջանակներում, 4 մարզային նշանակության ավտոճանապարհին՝  3.7 միլիարդ դրամի շրջանակում»,-ասաց ՏԿԵ նախարարի տեակալ Վաչե Տերտերյանը։ 

Փոխնախարարը տեղեկացրեց՝ այս գումարի շրջանակում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթերը արդեն իսկ պատրաստ են, մրցույթներն էլ՝ համաձայն «Գնումների մասին» օրենքի  հայտարարված են․ «Եթե կառավարությունը նպատակահարմար համարի և դրական որոշում կայացնի այս գումարի հատկացման վերաբերյալ, մենք  հնարավորություն կունենանք շատ արագ սկսել շինարարական աշխատանքները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների որակին․«Մենք ունենք նաև սահմանված քաշից ավելի քաշով մեքենաների երթևեկության խնդիր, և մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որպեսզի կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ ժամանակով պատշաճ նպատակին»։

Նրա խոսքով՝ պրոբլեմը առավելապես վերաբերում է այն ճանապարհներին, որոնք սպասարկում են հանքարդյունաբերական ոլորտը․ «Հատկապես հանքանյութ տեղափոխող բեռնատարները գերբեռնված են լինում, որոնք ճանապարհի օգտագործելիության ժամանակահատվածի վրա շատ նեգատիվ ազդեցություն են ունենում»։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրեց, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններ են իրականացրել և սկզբնական փուլում ունեցել են երկու շարժական կշեռքներ․ «Դրանք տեղափոխելու տարբերակով վերահսկողություն էինք իրակացնում հիմնական խնդրահարույց հատվածներում՝ հանքարդյունաբերության հատվածներում։ Որոշակի այլ խնդրահարույց հատվածներ ևս կան, որոնք պայմանավորված են մեծ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքներով։ Հետագայում որոշակի խնդիրներ առաջացան այդ կշեռքների հետ կապված, համապատասխան հատկացումներ արվեցին և այս փուլում ձեռք բերված է երկու ստատիկ և մեկ շարժական կշեռք»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել