Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ ու բողոքներ չեն եղել, որ խափանման միջոցը վերանայվեր. Արդարադատության նախարար

 |armenpress.am|
13:12 - 28 հուլիսի, 2022

Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ ու բողոքներ չեն եղել, որ խափանման միջոցը վերանայվեր. Արդարադատության նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում ինքնազգացողությունը վատանալուց հետո մահանալը համարում է ողբերգություն, որը պետք է ազդակ լինի այդ թվում նաև դատարաններին՝ էլ ավելի ուշադիր լինելու ազատազրկված անձանցից եկող բողոքներին, սակայն միևնույն ժամանակ վստահեցնում է, որ տվյալ դեպքում քրեակատարողական հիմնարկում չի եղել նրա հետ կապված բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել: Նախարարն այս մասին ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իմ խորը ցավն եմ արտահայտում: Ցանկացած մարդու մահ ողբերգություն է: Տվյալ դեպքում՝ քրեակատարողական հիմնարկում չի եղել իր հետ կապված բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել: Այսինքն, չեն եղել լուրջ խնդիրներ, բողոքներ, որ վերանայվեր նաև խափանման միջոցը»,-ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ կան հիմա կալանավորված հայտնի անձինք, որոնք տեղափոխվում են քաղաքացիական հիվանդանոց, կալանավայրի բժիշկներն են պարբերաբար ստուգում: Նա վստահեցնում է՝ կալանավայրում ունեցած առողջապահական ռեսուրսով ամեն ինչ անում են, որ ոչ մի ազատազրկված անձ չունենա առողջության հետ կապված խնդիր:

«Եվ մենք իրենց մասին իսկապես հոգ ենք տանում: Այլ խնդիր է, որ ցանկացած ողբերգություն պետք է նաև ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում՝ նաև դատարաններին՝ էլ ավելի ուշադիր լինելու ազատազրկված անձանցից եկող բողոքներին: Միևնույն ժամանակ ես հույս ունեմ, որ առանձին մարդիկ էլ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որպեսզի կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից: Սա բալանսավորելու խնդիր է, մենք աշխատում ենք»,-ասաց Անդրեասյանը:

Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր դատական նիստի ընթացքում, նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած Շտապօգնության բրիգադին չէր հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել