«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնում է, որ շրջանառվող լուրերը, թե պատգամավորն առնչություն ունի ավտոմեքենաների գազաբալոնների լիցենզավորման հետ, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին Մկրտչյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Մեր փաստաբանները հայցադիմում են նախապատրաստում, որպեսզի զրպարտության հայցով դիմեն դատարան։ Հիշեցնեմ, որ մենք դատարանում մի քանի տասնյակ գործերով հաղթել ենք։ Կհանդիպենք դատարանում»,- նշել է խոսնակը՝ հայտնելով, որ այդ մասին հուլիսի 29-ի հանրահավաքում խոսել է Վազգեն Սաղաթելյանը` թիրախավորելով Խաչատուր Սուքիասյանին։
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում։ Իսկ հանրահավաքի ժամանակ նշվել է, որ այդ որոշումն ի շահ իրեն է օգտագործում Խաչատուր Սուքիասյանը։
comment.count (0)