Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում օգոստոսի 20-21-ը տեղի կունենան կոնֆերանսներ, պանելային քննարկումներ ՏՏ ոլորտի, մարզերի համաչափ զարգացման և մի շարք այլ թեմաների վերաբերյալ։ «Ապագայի նախատիպը» կոչվող այս միջոցառումը կազմակերպել են «Protolab» ստարտափի պատանիները՝ ստարտափի հիմնադրման մեկ ամյակի առիթով։
«Protolab»-ի համահիմնադիր Արգամ Ամիրաղյանը միջոցառման նպատակը նկարագրում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքերով․ «Աշխարհում հաղթում են թիմերը, իսկ անհատների առաքելությունը թիմեր ստեղծելն է»․ «Մեր գլխավոր նպատակն այն է, որ ձևավորվեն թիմեր, որոնք համայնքներում փոփոխություններ կբերեն։ Ես վստահ եմ, որ միջոցառումը մեր համայնքի համար օգտակար կլինի, որովհետև ես չեմ հիշում, որ Նոյեմբերյանում այսպիսի կոնֆերանսային միջոցառում երկար ժամանակ եղած լինի։ Հույս ունեմ, որ մարդիկ նորից հավատով կլցվեն դեպի Նոյեմբերյան ու ապագա կտեսնեն նաև իրենց համայնքներում»։
Արգամը պատմում է, որ հետաքրքրիր ու խիտ գրաֆիկ են կազմել, որպեսզի երկու օրերը դառնան իսկական գիտելիքի տոն։ Միջոցառման գլխավոր թեմաներն են մարզերի համաչափ զարգացումը, ՏՏ ոլորտը, բիզնեսի զարգացումը, անձնային աճը, մոտիվացիան․ լինելու են կոնֆերանսներ, պանելային քննարկումներ․ «Առաջին օրը ամբողջ օրակարգը հիմնականում նվիրված է լինելու կոնֆերանսներին, պանելային քննարկումներին, որից հետո արդեն մեկնելու ենք վրանային գիշերակացի, երեխաները հնարավորություն են ունենալու շփվել միմյանց ու նաև փորձառու մարդկանց հետ։ Հաջորդ օրը կոնֆերանսների քանակն ավելի քիչ կլինի․ տեղի կունենա «Protolab»-ի պաշտոնական շնորհավորումը, ու որոշել ենք գաղափարների մրցույթ իրականացնել, որի մասնակիցները լինելու են Հայաստանի տարբեր մարզերից թիմեր, ու նրանց ծրագրերը պետք է միտված լինեն իրենց համայնքներում որոշ խնդիրներ լուծելուն»։
Արգամն ասում է, որ այս պահին 20 բանախոսներ հաստատել են միջոցառմանը իրենց մասնակցության մասին, որոշների հետ էլ դեռ ճշգրտման փուլում են։
Իսկ համայնքներում խնդիրներ լուծելու համար նախատեսված գաղափարների մրցույթի համար թիմերը պետք է նախապես հայտագրվեն․ Արգամն ասում է, որ այս պահին հայտագրումները քիչ են․ «Սակայն շփվելով մարզեցիների հետ, տեսնում ենք, որ հետաքրքրվածությունը բավական մեծ է, ու լինելու է գաղափարների իրական մրցակցություն։ Հայտատադիմումները փակվելու են օգոստոսի 10-ին, ու մտածում ենք, որ վերջին 2 օրում կտեսնենք, թե ինչ գաղափարներ կան, որոնք փոփոխություն կբերեն համայնքներում, հետո արդեն՝ մարզերում»։
Նրա խոսքով՝ միջոցառմանը 150 պատանիներ են մասնակցելու, որոնք 15-23 տարեկան են։ Մասնակիցները հիմնականում Տավուշի և Լոռու մարզերից են․ «Միջոցառմանը մասնակցելու հայտադիմումները արդեն փակվել են, ու ընդհանուր առմամբ 190 հոգի են հայտադիմում ներկայացրել, որոնցից 110-ը հաստատ անցել են։ Նրանց կմիանան նաև Նոյեմբերյանի երեխաները, ու մասնակիցների թիվը 150 կլինի»։
Պատանիները միջոցառման կազմակերպման ճանապարհին դժվարությունների հանդիպում են, սակայն հույս ունեն, որ այն հնարավորինս բարձր մակարդակով կանցկացնեն․ «Բացի նրանից, որ մեր փորձը քիչ էր միջոցառումներ կազմակերպելու առումով, նաև սեզոնային իրավիճակով պայմանավորված բավական բարդ էր մարդկանց հետ կապ հաստատելը։ Հյուրերի մեծ մասը, որոնք գաղափարակից են, գտնվում են Հայաստանից դուրս կամ գործի բերումով խիստ զբաղված են լինում։ Խնդիրները շատ են, բայց մենք կարծում ենք, որ պատվով ենք դուրս գալիս, ու քանի որ մեր նպատակը բավականին մեծ է, բարդացումները այդքան էլ չեն խանգարում, թույլ տրված սխալներն էլ մեր կազմակերպած հաջորդ միջոցառման ընթացքում կուղղվեն»։
Նա պատմում է նաև, որ միջոցառումը «Protolab»-ի թիմով են կազմակերպում, սակայն զգում են Նոյեմբերյանում ապրող պատանիների, երիտասարդների, ինչպես նաև համայնքի աջակցությունը։
Իսկ «Ապագայի նախատիպը» «Protolab» ստարտափի կարգախոսն է, հենց այդպես էլ անվանել են սպասվելիք միջոցառումը․ «Մենք նաև այդ օրերին փորձելու ենք կառուցել ապագայի նախատիպը, այսինքն՝ տարբերակներ գտնել, թե ինչպիսին պետք է լինի ապագան Հայաստանում»։
Նանե Ավետիսյան
comment.count (0)