aysor.am: «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը պնդում է, որ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «վնասել է Հայաստանի միջազգային վարկին»։
«Հանրությունը գիտի ամեն ինչ. Ինչ կետում, որ դադարել ենք բանավեճը, այդ կետում էլ մնացել է։ Ես շարունակում եմ պնդել, որ տիկին Զոհրաբյանը վնասել է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնին համաձայնելու ժամանակ արձանագրվել է, մենք բոլորս այդ հարցերը միմյանց տվել ենք՝ արդյոք պատրա՞ստ եք դուք հրաժարվել ձեր սուր քաղաքական խոսքից, որովհետև դուք դառնում եք Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։ Եվ, անկախ նրանից, թե ինչ անձնական պատկերացումներ ունեք այս կամ այն հարցի շուրջ, դուք, նաև ես ինձ համարում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և առհասարակ, օրենքների երաշխավորը», - ներկայացրեց Մարիա Կարապետյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը, դրան հաջորդած իրադարձությունները, լարվածություն էին առաջացրել երկու խմբակցությունների անդամ պատգամավորների միջև։ Նրանք հանրային հարթակներում միմյանց մեղադրել էին սուտ խոսելու մեջ։
Խորհրդարանական մեծամասնության պատգամավորը կարծում է, որ Նաիրա Զոհրաբյանը «բռնության խոսք է սանձազերծել հանրության մեջ»։
«Շատ կուզենայի, որ տիկին Զոհրաբյանը խոսեր հանրության հետ և բռնության խոսքի այն ալիքը, որ սանձազերծեց հանրության մեջ, ինչ-որ մի կերպ անդրադառնար դրան, որովհետև անարդար է գնալ ԵԽԽՎ, սեղանին դնել «ոչ ատելության խոսքին» գրությունը և միանգամայն այլ տեքստ ասել հանրությանը։ Դա ազնիվ չէ»,- ավելացրեց Մարիա Կարապետյանը։
Անդրադառնալով Հայաստանում սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությանը, պատգամավորն ասաց, որ դա ակներև է։
«Մեր հանրության տրամադրությունների մեջ ակներև է, որ կա անհանդուրժողականություն առհասարակ տարբերվող կենսաձևերի նկատմամբ, այսինքն՝ դա կարող է նույնիսկ չհասնել սեռական կողմնորոշման հարցին, այլ՝ արտաքինին, հագուստին և այլն։ Ցավոք, մեր հանրության որոշ մասը երբեմն տագնապ է զգում, երբ իր կենսակերպից տարբերվող կենսակերպ է տեսնում սեփական ինքնության համար։ Սա մի վախ է, որ մեր մեջ մտցվել է», - նկատեց պատգամավորը։
comment.count (0)