«Մեր բակ» մանկապարտեզում բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
18:14 - 09 օգոստոսի, 2022

«Մեր բակ» մանկապարտեզում բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Երեւանի «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաների նկատմամբ առերեւույթ ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել  է դատարան՝ ըստ էության քննության։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն։

Հիշեցնենք՝ 2020 թ․ դեկտեմբեր ամսին մի քանի ծնողներ ահազանգել էին, որ մանկապարտեզի աշխատակիցների կողմից իրենց երեխաների նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն է գործադրվել։ Ահազանգին զուգահեռ նրանք հրապարակել էին գաղտնի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցներից մեկն անպատվում երեխաներին եւ սպառնալիքներ հնչեցնում, ինչն ուղեկցվում էր հարվածների եւ երեխաների լացի ձայներով։

Միաժամանակ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ ոստիկանություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով դեկտեմբերի 8-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի խոշտանգման՝ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (երկու կամ ավելի անչափահասի նկատմամբ դիտավորյալ այնպիսի գործողությունը, որի միջոցով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք): Դեպքից օրեր անց Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել մանկապարտեզի դաստիարակչուհուն։

Գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է քրեական գործը, քանի անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, եւ ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ։ Խնդրել էինք հայտնել, թե քանի երեխա է ճանաչվել տուժող, եւ ինչ է պարզվել նշանակված փորձաքննությունների արդյունքներով։

Մեր հարցերին ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործով տուժող է ճանաչել 6 երեխա, որոնցից 5-ը ենթադրյալ դեպքի ժամանակ եղել են 2 տարեկան, 1-ը՝ 3։ Երեխաների հայրերը ճանաչվել են որպես տուժողների օրինական ներկայացուցիչներ։   

Նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, նշանակվել են դատահոգեբանական փորձաքննություններ, որոնց շրջանակում ստացված եզրակացությունների համաձայն՝ մանկապարտեզում երեխաների դաստիարակությամբ եւ խնամքով զբաղվող աշխատակիցների կողմից երեխաների հասցեին վիրավորական, սպառնացող արտահայտություններ հնչեցնելը եւ ծեծի ենթարկելը երեխաների համար հանդիսացել են հոգետրավմատիկ գործոնների ամբողջություն՝ բացասաբար անդրադառնալով նրանց հոգեվիճակի վրա եւ ուղեկցվելով դրանից բխող վարքային եւ հուզական փոփոխություններով։ Միեւնույն ժամանակ փորձագետը եզրակացրել է, որ վաղ իմացական եւ հուզային ոլորտների զարգացվածության տարիքային առանձնահատկությունների պայմաններում հնարավոր չէ գնահատել հոգեկան ուժեղ տառապանքի առկայությունը, քանի որ երեխաները, թեեւ կարող են հիշել եւ իրենց տարիքին համապատասխան բառապաշարի սահմաններում վերապատմել ուժեղ հուզական ռեակցիա առաջացրած եւ վառ տպավորություն թողած իրողությունները, սակայն այդ իրողությունների մասին ակտիվ չհիշեցնելու, չհարցնելու, չվերապատմելու, բարենպաստ հոգեբանական պայմանների ստեղծման դեպքում արագ մոռանում են այդ իրողությունները եւ փոխում դրանց հանդեպ հուզական արձագանքը։

Դեպքից հետո մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, թե մանկապարտեզի տնօրենը Լուսինե Հայրապետյանը լռության դիմաց ծնողներին գումար է առաջարկել, սակայն մեր հարցին ի պատասխան՝ ՔԿ-ից հայտնել են, որ նախաքննության ընթացքում կատարված ստուգումներով Լուսինե Հայրապետյանի կողմից ՀՀ ՔՕ-ով նախատեսված որեւէ հանցանքի վերաբերյալ բավարար ապացույցների համակցությամբ տեղեկություններ չեն ստացվել: Նշենք, որ այդ տեղեկությունները հերքել էր նաեւ Հայրապետյանի փաստաբանը։

ՔԿ-ից նաեւ հայտնել են, որ նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել միայն մանկապարտեզի հիշյալ դաստիարակչուհուն՝ Գայանե Արսենյանին, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գայանե Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020 թվականի սեպտեմբեր ամսից որպես դաստիարակ փաստացի աշխատելով Երևանի Կամարակի 2-րդ նրբանցքի 19-րդ հասցեում գործող «Մեր Բակ» մանկապարտեզում եւ ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված եւ իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով եւ դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, թերի է կատարել իր նշված պարտականությունները` չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին հանձնված մանկահասակ երեխաների հանգստացնելուն եւ պատշաճ կերպով նրանց խնամքն իրականացնելուն։ Ըստ մեղադրանքի՝ Արսենյանը սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անօգնական վիճակում գտնվող մանկահասակ երեխաների նկատմամբ՝ սպառնալով չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, դիմել հայրերին՝ երեխաներին ծեծի ենթարկելու համար, ինչպես նաեւ երեխաների պահանջով հրաժարվել է տրամադրել խմելու ջուր եւ հարվածներ հասցնելով՝ ծեծի է ենթարկել նրանց։

Գայանե Արսենյանի պաշտպան Արամ Ղազարյանը մեր զրույցում չցանկացավ տեղեկացնել իրենց դիրքորոշման մասին՝ նշելով միայն, որ այս պահին հրաժարվում են լրատվամիջոցներին որեւէ բան հայտնել։

Ըստ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկության՝ քրեական գործը գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում։ Գործով դատական նիստ է նշանակվել սեպտեմբերի 16-ին։

Քրեական գործի նյութերով նոր գործ է հարուցվել

Մեր հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից նաեւ հայտնել են, որ մանկապարտեզին առնչվող հիշյալ քրեական գործի նյութերով հարուցվել է առանձին քրեական գործ, որի շրջանակում 2022 թվականի ապրիլի 29-ին որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել անհատ ձեռներեց Գոհար Հայրապետյանին (հանդիսանում է ԱՁ Գոհար Հայրապետյանը, որի կազմի մեջ գործել են «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզները)։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը), եւ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Գոհար Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը եւս ավարտվել է, այն ուղարկվել է դատարան եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գոհար Հայրապետյանը, ՀՀ հարկ վճարողների սպասարկման վարչությունում հաշվառված լինելով որպես Ա/Ձ Գոհար Հայրապետյան եւ 2013 թվականի սեպտեմբերի 17-ից գրանցված լինելով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Մուշ թաղամաս 131 տուն հասցեում եւ 2020 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Կամարակի 2-րդ նրբանցք 19 տուն հասցեում՝ «Մեր Բակ» անվանմամբ զարգացման եւ խնամքի կենտրոնների միջոցով իրականացրել է նախադպրոցական կրթության գործունեություն: Ըստ մեղադրանքի՝ 2019-2021 թթ ժամանակահատվածում, Գոհար Հայրապետյանը, փաստացի հանդիսանալով կազմակերպության ղեկավարը, պատասխանատվություն կրելով օրենսդրության պահանջներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմման, ներկայացման համար, չարամտորեն, հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելու նպատակով, դիտավորությամբ խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի, «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքների մի շարք հոդվածներ, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմնին համապատասխան հաշվետվություններ չի ներկայացրել՝ այդ կերպ պետությանը դիտավորությամբ չվճարելով ընդհանուր խոշոր չափի՝ 6.453.400 ՀՀ դրամ գումար։

Գոհար Հայրապետյանի պաշտպան Աբգար Պողոսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ Հայրապետյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ «Քրեական գործում անգամ ստուգման ակտ առկա չէ, մեզ չի պարզաբանվել, թե այդ հարկերը որտեղից են գոյացել, մի քանի անգամ տիկին Հայրապետյանը ասել է, որ պատրաստ է վճարել եւ չի խուսափում, եւ իրականում էլ պատրաստ է, պարզապես մեզ չեն պարզաբանում, այդ հաշվարկը մեզ համար մութ է մնացել: Յուրաքանչյուր թիվ, որը կներկայացվի եւ հասկանալի կլինի, տիկին Հայրապետյանը պատրաստ է վճարել»։  Պողոսյանի խոսքով՝ իրենք հաշվարկի հետ համաձայն չեն եւ իրենց անձնական հաշվարկն ունեն․ թե ըստ դրա՝ ինչ գումարների մասին է խոսքը, պաշտպանն առայժմ չմանրամասնեց՝ նշելով, որ քրեական գործը պետք չէ լուրջ ընկալել․ «Օրինակ՝ պատերազմի օրերին այն բոլոր երեխաներին, ում ծնողները մասնակցել են ռազմական գործողություններին, անվճար է ծառայություն մատուցել, բայց դրանք էլ են հաշվել որպես հարկ, նման խնդիրներ կան, որ մեզ համար անընդունելի են, ես չգիտեմ՝ նմանատիպ հաստատություններ, որ այդ կերպ են վարվել, բավականին շատ էին երեխաները, ում ծնողները մասնակցում էին պատերազմին»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է հաշվետվություններին, Պողոսյանի խոսքով՝ դրանք ներկայացվել են․ «Անգամ երբ արդեն քրեական գործ կար, օրագրերից սկսած, իր ձեռագրով գրած տարիների հաշվարկը, ամեն ինչը ներկայացվել է»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ պայքարելու են արդարացման համար։

Գոհար Հայրապետյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 27-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել