Պետությանը խոշոր չափի վնասներ պատճառած ընկերությունը շարունակում է հաղթել պետական գնումներում
15:31 - 25 օգոստոսի, 2022

Պետությանը խոշոր չափի վնասներ պատճառած ընկերությունը շարունակում է հաղթել պետական գնումներում

Հայաստանում արագաչափ և անվտանգության տեսախցիկներ արտադրող «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունը հունիսի մեկին  Ոստիկանության հետ կնքել է «բջջային հավելվածների ծրագրային ապահովման մշակման ծառայությունների»՝ 450 000 ընդհանուր արժեքով պայմանագիր։ 2021-2022 թվականներին ընկերությունը տարատեսակ ծառայություններ է մատուցել Մասիսի և Վեդու համայնքապետարաններին, Արդարադատության նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և պետական այլ մարմինների։ 

Ընկերության վերջին ամենախոշոր պայմանագրի ընդհանուր արժեքը շուրջ 534 միլիոն դրամ է՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկին տեսահսկման սարքավորումածրագրային համակարգեր մատակարարարելու համար։  Հերթական վճարումը  ԱՆ-ն կատարել է  այս տարվա մայիսի վերջին։ Նախարարությունը պայմանագիրը կնքել է 2021 թվականին, իսկ վճարումները շարունակվելու են 2022 թվականի ողջ ընթացքում։  

Մատակարար «Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն հայտնի է որպես անվտանգության տեսախցիկներ և արագաչափեր արտադրող ընկերություն։ Ընկերության բաժնետերերը Ալեքսան և Գուրգեն Զաքարյաններն են։ Յուրաքանչյուրը տնօրինում է ընկերության 50 %-ը։ Եղբայրներին նույն համամասնությամբ պատկանում է նաև հայտնի «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը։ 

«Սեքյուրիթի դրիմը» Հայաստանի Հանրապետությանը երկար տարիներ արագաչափ տեսախցիկներ և դրանց սպասարկման ծառայություններ էր մատակարարում «Էլլիպս ՋիԷյ»-ի հետ համագործակցությամբ։ 

Պետությունը «Սեքյուրիթի դրիմի» հետ համագործակցությունը դադարեցրեց 2018 թվականին հարուցված քրեական գործից հետո՝ նոր պայմանագրեր չկնքելով ընկերության հետ։ Սակայն, նույն գործունեությամբ զբաղվող, նույն սեփականատերերն ունեցող և նույն քրեական գործերով անցնող «Էլլիպս ՋիԷյ»-ը շարունակում է հաղթել պետական գնումների մրցույթներում։ 

Զաքարյան եղբայրները Հայաստանում և Հայաստանից դուրս բազմաթիվ այլ ընկերություններ էլ ունեն։

 

Քրեական գործերը դեռևս քննվում են

Խաբեության եղանակով պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ 2018 թվականի հունիսին քրեական գործեր էին հարուցվել, մեղադրանք էր առաջադարվել երկու ընկերության մի շարք աշխատակիցների։

Ըստ քրեական գործի նյութերի՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրենությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ «միմյանց միջև նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակում 2017 թվականի փետրվարից մինչև 2018-ի հունիս կազմել է փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր»: 

Քրեական գործի շրջանակում պարզվել է պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը․ այն կազմում է ավելի քան 210 միլիոն դրամ։ Ընկերությունների աշխատակիցները մի քանի տարվա ընթացքում պետության հետ կնքված պայմանագրերով յուրացրել էին ավելի քան մեկ միլիարդ դրամ գումար։ 

Գլխավոր դատախազությունից, ի պատասխան Infocom-ի հարցման, հայտնեցին, որ Քննչական կոմիտեում գործի քննությունը դեռևս շարունակվում է, մեղադրանք է առաջադրված վեց անձի։ Իսկ նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը հասցված ավելի քան 290 միլիոն դրամի վնաս։

Այս տարվա փետրվարին civic.am կայքը հայտնել էր «Էլլիպս ՋիԷյ»-ի դեմ  նոր քրեական գործի մասին՝ հղում անելով Քննչական կոմիտեին։ Ըստ դրա՝ ընկերությունը հերթական անգամ դիմել էր խարդախության։

«Էլլիպս ՋիԷյ»-ի նկատմամբ այլ քրեական գործերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Դատախազությունից հայտնեցին, որ ընկերությունը «պետությանը խոշոր վնաս պատճառելու», ինչպես նաև «հարկն առանձնապես խոշոր չափով չվճարելու» նպատակով կեղծել է մի շարք փաստաթղեր և ներկայացրել կեղծ տվյալներ։ Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման՝ կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը, որի հետևանքով առանձնապես խոշոր վնաս է պատճառվել։ Այս քրեական գործով մեդադրանք է առաջադրված երեք անձի։

Այս տարվա հուլիսի վերջին ևս Քննչական Կոմիտեն խուզարկություն էր իրականացնում երկու ընկերությունների գրասենյակներում։ Միևնույն ժամանակ, «Էլլիպս ՋիԷյ»-ը շարունակում է մեծ և փոքր ծառայություններ մատուցել պետական մարմիններին։ 

 

Անի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել