news.am: 14,6 կիլոմետրանոց ճանապարհահատվածի նորոգումն Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմայրուղում կավարտվի հոկտեմբերին, տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։
Նշվում է, որ Ջավախքը աչքի է ընկնում դաժան կլիմայական պայմաններով (առատ ձյուն, ձնաթմբեր եւ սառնամանիքներ), ուստի նորոգման աշխատանքներով զբաղվող ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել նորոգման աշխատանքները։ Հենց որ եղանակը լավացել է, աշխատանքները վերսկսվել են։
Նախագծի շրջանակում նախատեսված է լիովին նորոգել վնասված ճանապարհները, ընդլայնել դրանք, նորոգել երեք երկաթբետոնե կամուրջներն ու ջրատար խողովակները։ Նախատեսված է նաեւ տեղադրել ճանապարհային նշաններ։
Վրաստանի ավտոճանապարհների վարչության տվյալներով՝ այս տեղամասը անցնում է Գորելովկա, Ժդանով գյուղերի միջով եւ ավարտվում վրաց-հայկական սահմանին։
Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից, եւ դրա արժեքն է ավելի քան 13,8 մլն լարի (ավելի քան 5,1 մլն դոլար)։
Նորոգման աշխատանքներն սկսվել են 2018 թվականի հուլիսին։ Այդ ժամանակվանից երկու կիլոմետրանոց հատվածում արդեն ասֆալտ է փռվել, երկու կիլոմետրում հողային աշխատանքներ են կատարվել։
Այս տարի պատրաստ կլինի նաեւ Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի հետ սահմանին) միջազգային նշանակության ավտոմայրուղու հինգ կիլոմետրանոց (91-97 կիլոմետր) հատվածի նորոգման նախագիծը։
Այն բանից հետո, երբ ավտոմայրուղու երկու հատվածն էլ կնորոգվեն, Ախալցխայից Հայաստան երթեւեկությունն ավելի հարմարավետ ու անվտանգ կդառնա, նշում է վարչությունը։
comment.count (0)