Բուհերը պատրաստվում են հյուրընկալել «Սթարմուս» փառատոնի բանախոսներին․ ի՞նչ է սպասվում
17:03 - 02 սեպտեմբերի, 2022

Բուհերը պատրաստվում են հյուրընկալել «Սթարմուս» փառատոնի բանախոսներին․ ի՞նչ է սպասվում

Մոտ օրերս Հայաստանում կմեկնարկի գիտության և արվեստի «Սթարմուս» փառատոնը, որը ունի նաև Հանրայնացման ծրագիր։ Այս ծրագրի շրջանակում փառատոնի բանախոսները դասախոսություններ կկարդան Հայաստանի դպրոցներում, բուհերում ու կրթական կենտրոններում։

«Ի համալրումն մեր հիմնական փառատոնային ծրագրի, պարոն Իսրայելյանի շնորհիվ դասախոսություններ են լինելու նաև բուհերում՝ հնարավորություն տալով ավելի լայն շրջանակների ներգրավել։ Յուրաքանչյուր բուհի համար պատիվ է իրենց հարկի տակ ունենալ այսպիսի մարդկանց»,- մեր զրույցում ասաց փառատոնի հաղորդակցության և մարքեթինգի պատասխանատու Սիրանուշ Գյուրջինյանը։

Infocom-ը առանձնացրել է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենալու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում այդ օրերին։

Այսպես․ Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 5-9-ը հայտարարվելու է «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ»։ Այս միջոցառման շրջանակում սեպտեմբերի 5-9-ը համալսարան են այցելելու Նոբելյան մրցանակի դափնեկիրներ․ սեպտեմբերի 5-ին ԵՊՀ կայցելի ֆիզիկոս Քիփ Թորնը, սեպտեմբերի 6-ին աստղաֆիզիկոս Միշել Մայորը, իսկ սեպտեմբերի 7-ին մանրէաբան և կենսաֆիզիկոս Էմանուել Չարպենտիեն։ Բոլոր դասախոսությունները տեղի կունենան 11:00-ին։

Սեպտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին էլ ԵՊՀ-ում նախատեսվում է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկում՝ հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանի, ԵՊՀ շրջանավարտ, Սթարմուս փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և գրող Դեյվիդ Ջոն Էյքրի մասնակցությամբ։ Պանելային քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես կգա ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

ԵՊՀ-ի լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ ուսանողներին ներգրավելու համար դասախոսությունների մասին տեղեկությունները համալսարանական ներքին խողովակներով տարածում են, իրազեկման տարբեր ակցիաներ են իրականացնում, հետևաբար բոլորը տեղեկացված կլինեն։

Հայ-Ռուսական համալսարանից տեղեկացրին, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, դասախոսությամբ է հանդես գալու Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս (օպտիկա) Դոննա Սթրիքլենդը, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին՝ աստղաֆիզիկոս, մոլորակագետ և Հարավարևմտյան հետազոտական ​​ինստիտուտի Բոլդեր գրասենյակի տնօրեն Ջոել Պարկերը, սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի ֆիզիկոս, Նյու Մեքսիկոյի համալարանի հրավիրված դասախոս Մարկ Բոսլոունը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության դասախոս, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի հատուկ հրավիրյալ գիտնական, Լոնդոնի կլիմայական փոփոխությունների համագործակցության կազմակերպության ղեկավար Քրիս Ռափլին։

Համալսարանից ընդգծեցին, որ հիմնական թեմաները վերաբերում են ֆիզիկային և այդ դասախոսությունների հիմնական շահառուներն են լինելու ապագա ֆիզիկոսները, բայց մուտքն ազատ է լինելու ու դասախոսություններին կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները. «Բացի այդ՝ մեր համալսարանը ձեռք է բերել 100 տոմս՝ «Սթարմուս» փառատոնի միջոցառումներին մասնակցելու համար և սեպտեմբերի 5-10-ը մեր ուսանողները կարող են ներկա գտնվել «Սթարմուս»-ի բոլոր միջոցառումներին։ Ընդ որում՝ այդ 100 հոգին ֆիքսված չեն լինելու («Սթարմուս»-ի կոնկրետ օրվա միջոցառմանը կարող են ներկա գտնվել տվյալ ուղղության ուսանողներ, իսկ հաջորդ օրվանը՝ այլ ուղղության ուսանողներ)։ Հուսով ենք, որ մեր ուսանողները կօգտվեն այդ հնարավորությունից և ներկա գտնվեն այդ նշանակալի միջոցառումներին»։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սեպտեմբերի 7-ին հյուրընկալելու է ipod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest-ի հիմնադիր Թոնի Ֆադելին։ Ի դեպ, այցի շրջանակում նախատեսվում է նաև Ֆադելի հեղինակած «Build: An Unorthodox Guide to Making Things Worth Making» գրքի շնորհանդեսը։ Սեպտեմբերի 9-ին էլ ՀՊՏՀ-ում դասախոսությամբ հանդես կգա ավիատիեզերական ինժեներ և ESA նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենին։ Տնտեսագիտական համալսարանում այս միջոցառումները նույնպես անցկացվելու են 11:00-ին։

ՀՊՏՀ-ի լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ նախապատրաստվում են փառատոնին, իսկ ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ «Սթարմուս» փառատոնի անվճար տոմսեր։ Ուսանողները տոմսերը ստանալու համար պետք է ներկայացնեն մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու են ուզում մասնակցել փառատոնին։ Որոշակի հնարավորություններ են ստեղծվել նաև աշխատակիցների համար։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը սեպտեմբերի  6-ին կհյուրընկալի Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության դասախոս Քրիս Ռափլին, իսկ սեպտեմբերի 7-ին՝  «Սատլանտիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, արդյունաբերական ճարտարագետ, տնտեսագետ Խուան Թոմաս Հերնանին։ Ագրարային համալսարանից մեզ տեղեկացրին, որ այժմ իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ, իսկ սպասվող միջոցառումների  մասին տեղյակ են պահել ուսանողներին ու աշխատակիցներին։  Բոլոր դասախոսությունների անցկացման ժամը 11:00-ն է։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սեպտեմբերի 5-ին դասախոսությամբ հանդես կգա համակարգերի ինժեներ Նագին Կոքսը, սեպտեմբերի 6-ին՝ ipod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest-ի հիմնադիր  Թոնի Ֆադելը, սեպտեմբերի 7-ին՝ ավիատիեզերական ինժեներ և ESA նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդեյնը, սեպտեմբերի 8-ին՝  քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխը։ Պոլիտեխնիկական համալսարանից տեղեկացրին, որ այս պահին ընթանում են կազմակերպչական աշխատանքներ, ինչպես նաև օգտագործում են բոլոր հարթակներն ու հնարավորությունները՝ ուսանողներին ներգրավելու համար։

Հայաստանի ամերիկյան համալսարանում էլ սեպտեմբերի 6-ին դասախոսություն կկարդա համակարգերի ինժեներ Նագին Կոքսը, որը կպատմի, թե որքան ակտիվ դեր կարող ենք խաղալ յուրաքանչյուրս տիեզերքի ուսումնասիրման գործում։ Սեպտեմբերի 7-ին Ամերիկյան համալսարանը կհյուրընկալի Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության դասախոս Քրիս Ռափլիին, իսկ սեպտեմբերի 8-ին մանրէաբան և կենսաքիմիկոս Էմանուել Չարպենտիեն։ Դասախոսությունները կանցկացվեն 11:30-ին։

Երևանի «Հայբուսակ» համալսարանը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալի աստղաֆիզիկոս Խավիեր Բարկոնսին, իսկ սեպտեմբերի 9-ին՝ քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին։ Երկու դասախոսություններն էլ կանցկացվեն 11:00-ին։

Բոլոր դասախոսությունների մուտքը ազատ է։ Հյուրերը դեռևս չեն բացահայտել դասախոսությունների հիմնական թեմաները։ Նշենք նաև, որ «Սթարմուս» փառատոնը կազմակերպչական աշխատանքների համար ուսանողների է ներգրավել գործընկեր բուհերից։ 

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել