«Այդպիսին էր Ֆրեդին»․Մեյը պատմեց Queen-ի լեգենդի հետ գիտության շուրջ զրույցների, երկրաշարժից հետո Հայաստան այցելելու ծրագրերի ու առաջիկա համերգի մասին

 |armenpress.am|
13:07 - 06 սեպտեմբերի, 2022

«Այդպիսին էր Ֆրեդին»․Մեյը պատմեց Queen-ի լեգենդի հետ գիտության շուրջ զրույցների, երկրաշարժից հետո Հայաստան այցելելու ծրագրերի ու առաջիկա համերգի մասին |armenpress.am|

armenpress.am: Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյն անհամբեր սպասում է սեպտեմբերի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին, որի ժամանակ բեմում ելույթ կունենա Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ։

STARMUS VI փառատոնի շրջանակում «Another world» խորագիրն ունեցող համերգային ծրագրին մասնակցելու են նաև անգլիացի երգիչ Գրեհամ Գոլդմանը, երաժիշտ Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Սերժ Թանկյանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։

«Այս համերգը լավ ժամանակ կլինի երաժշտական փորձարկումներ անելու համար։ Այս համերգի ընթացքում մեզնից յուրաքանչյուրը դուրս կգա «հարմարավետության գոտուց», ինչը լավ է, քանի որ համերգի ընթացքում կկարողանանք փորձարկել այն, ինչը այլ վայրում մեզ թույլ տալ չենք կարող»,- այս մասին Մեյն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ իր համար մեծագույն պատիվ էր STARMUS VI-ի բեմում արժանանալ Սթիվեն Հոքինգի մեդալին։ «Ինձ համար մեծ առավելություն է նման մրցանակ ստանալ երկու հրաշալի կանանց հետ (խմբ․ - ամերիկացի բանաստեղծուհի Դայան Էքերմանի և անգլիացի պրիմատոլոգ ու մարդաբան Ջեյն Գուդոլի), ովքեր իսկապես փոխել են մարդկության աշխարհայացքը»,- ասաց նա։

Լեգենդար կիթառահար, աստղաֆիզիկոս Մեյին մրցանակը հանձնվել էր Queen-ի մենակատար Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 5-ին։ Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ Մեյը պատմեց գիտության վերաբերյալ իր և Մերկուրիի զրույցների մասին։

«Ֆրեդին հետաքրքրված էր ամեն ինչով։ Նրան հիացնում էր փաստը, որ ես աստղագետ էի, և նա ինձ պարբերաբար հարցնում էր․ «Բրայան, եթե դու չլինեիր այստեղ, ինձ հետ, դու կդառնայի՞ր աստղագնաց»։ Այդ ժամանակ ես պետք է հեռանայի աստղագիտությունից և կենտրոնանայի իմ երաժշտության վրա։ Սակայն ես հաջողակ գտնվեցի՝ վերադառնալով դեպի աստղագիտություն, պաշտպանելով իմ թեկնածուականը»,- ասաց Բրայան Մեյը՝ նշելով, որ իր համար իսկապես մեծ առավելություն էր զբաղվել թե՛ գիտությամբ, թե՛ երաժշտությամբ՝ ի հեճուկս շատ կանխատեսումների, որ նա չի կարող հաջողության հասնել երկու ոլորտներում էլ։

Վերադառնալով Ֆրեդի Մերկուրիին՝ աստղաֆիզիկայի դոկտորը շարունակեց․ «Ֆրեդին շատ կենտրոնացած էր, նա կարող էր խոսել տարբեր թեմաներից, սիրում էր գիտությունը, ստերեոպատկերային իմ լուսանկարները, ամեն բան։ Բայց հետո նա նորից կենտրոնանում էր իր երաժշտության վրա և ասում ․ «Բոլորը կարող են անել դա, ես պետք է իմ գործով զբաղվեմ՝ երաժշտությամբ»։ Այդպիսին էր Ֆրեդին»։

Բրայան Մեյը նշեց, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանում՝ նշելով, որ կուզեր ավելի շատ ժամանակ անցկացնել և ճանաչել մեր երկիրը։ Երաժիշտը նկատեց, որ հատկապես մտահոգվել էր Հայաստանով 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Նա ցավով նշեց, որ այդ տարիների չկարողացավ մի խումբ անվանի երաժիշտների հետ այցելել Հայաստան, սակայն հիմա ուրախ է այդ հնարավորության համար։

Բրայան Մեյը խոսեց նաև երջանկահիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ համատեղ աշխատանքի մասին՝ նշելով, որ նրա շնորհիվ «փորձել է կլանել հայկական զգացողությունները և երաժշտությունը»։ STARMUS VI փառատոնի շրջանակում նա նույն բեմում հանդես կգա Ջիվան Գասպարյան կրտսերի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել