Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Տիգրան Ռաֆիկի Հակոբյանի թեկնածությունը:
Վերջինիս թեկնածության հարցը քննարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:
Տիգրան Հակոբյանն այժմ ՀՌՀ նախագահն է, նրա պաշտոնավարման ժամկետը կավարտվի օրեր անց:
Ծնվել է 1960 թ., 1988 թ. առայսօր աշխատում է հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում, տարբեր կառույցներում, զբաղվում է դասախոսական աշխատանքով:
Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ոլորտի այն խնդիրներին, որոնք կարգավորման կարիք ունեն: Նա հավաստիացրել է, որ ընտրվելու պարագայում կփորձի իր ներդրումն ունենալ դրանց լուծման հարցում: Ըստ թեկնածուի՝ թեև վերջին տարիներին բարեփոխվում է տեսալսողական ոլորտի օրենսդրությունը, այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնք ամբողջական լուծման կարիք ունեն:
«Տասնյակ խնդիրներ կան, որոնք այս օրենքը չի լուծում: Տասնյակ տարընթերցումներ կան, և սա կապված է ոչ միայն օրենքի հետ, միգուցե, հեղինակների ոչ մասնագետ լինելուց, կամ օրենքն արագ ընդունելուց է բխում: Առաջին հերթին դա կապված է տեխնիկական միջոցների պայթյունային արագությամբ զարգացման հետ: Այսօր արդեն աշխարհը փորձ ունի և հանգիստ կարգավորվում է այն, ինչ երեք տարի առաջ դժվար էր կարգավորել»,- նշել է թեկնածուն՝ հավելելով, որ շատ կարևոր է ընդունել այնպիսի օրենք, որը կհամապատասխանի այսօրվա պահանջներին:
Տիգրան Հակոբյանը կարևոր է համարել նաև հեռուստաեթերից որակյալ հաղորդումների, առհասարակ նաև որակյալ բովանդակության սփռումը, լեզվական և տեղեկատվական անվտանգության ապահովման հարցի կարգավորումը և այլն:
«Ցավոք, Հայաստանում չկա այդ համակարգը, որը կզբաղվեր լեզվական և տեղեկատվական անվտանգության հարցով»,- ասել է թեկնածուն:
Նրա գնահատմամբ՝ օտարերկրյա տասնյակ հեռուստածրագրեր կան, որոնք աղբ են և բացասաբար են անդրադառնում հանրության մտածողության վրա:
«Կարգավորող մարմինը պետք է լծակներ ունենա, և ինչ որ ձևով քաջալերի նույն ցանցային օպերատորներին, որպեսզի նրանք ավելի շատ կրթական, մշակութային և մանկական ծրագրեր բերեն, որոնք աշխարհում շատ-շատ են»,- հավելել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուն:
Հանձնաժողովի անդամները դրական են գնահատել Տիգրան Հակոբյանի աշխատանքը ոլորտում: Վերջինիս թեկնածությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, դեմ ձայներ չեն եղել:
Թեկնածուի առաջադրման հարցի քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
comment.count (0)