armenpress.am: «STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 7-ին հյուրընկալել է Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները, գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Մեր հյուրն է Նոբելյան մրցանակակիր, ամբողջ աշխարհում հայտնի գիտնական, ում հետազոտության ոլորտը մոտ է մեր ակադեմիայի համակարգում աշխատող գիտնականների հետաքրքրությունների շրջանակներին», - ասել է Աշոտ Սաղյանը և ներկայացրել պրոֆեսոր Քըրթ Վյութրիխի անցած գիտական ուղին:
Ըստ աղբյուրի՝ Քըրթ Վյութրիխը հանդես է եկել ելույթով: Նա ներկայացրել է գիտության մեջ հաջողության հասնելու իր փորձը: Դիմելով երիտասարդ գիտնականներին՝ Քըրթ Վյութրիխն ասել է. «Եթե դուք ուզում եք նկատելի լինել, եթե ուզում եք ինչ-որ մի բան ղեկավարել գիտության ոլորտում, պետք է լսեք խորհուրդներ և շատ-շատ աշխատեք մեծ խնդիրների վրա: Շատ կարևոր է, որ ուսանողներն իրենց կրթությունը ստանան լավ համալսարաններում, երիտասարդ գիտնականները խրախուսվեն և առաջնորդեն գիտությունը, հանդիպեն այն գիտնականներին, ովքեր կարողանում են աշխատել մեծ խնդիրների վրա և իրենց ուսանողներին էլ են դա սովորեցնում:
Ես մարզիկ էի, գիտությունն ինձ համար երեկոյան զբաղմունք էր, և ես երբեք չէի մտածում, որ կստանամ Նոբելյան մրցանակ: Գիտության մեջ դու աշխատում ես և հանկարծ հայտնաբերում ինչ-որ մի բան: Ճանաչումը կարող է տևել 20 տարի և ավելի: Հետո միայն կարող են որոշել, դա արժանի է Նոբելյան մրցանակի, թե՝ ոչ: Երիտասարդ գիտնականները պետք է հասկանան, որ հաջողությունը միանգամից չի լինում, դա շատ դժվար աշխատանք է: Դու չես կարող վստահ լինել, որ Նոբելյան կոմիտեն քեզ կհավատա: Պետք են տարիներ, որպեսզի հաստատվեն քո ուսումնասիրությունները: Դուք պետք է շատ աշխատեք, թեպետ Ձեր ընտանիքն այնքան էլ երջանիկ չի լինում դրանից: Նոբելյան մրցանակ ստանալիս ինձ հետ էր իմ կինը, և դա փոխհատուցումն էր այն դժվար կյանքի, որը նա տեսել է, որովհետև ես անընդհատ լինում էի աշխատավայրում»,- ասել է Նոբելյան մրցանակակիրը:
Նշվում է, որ Քըրթ Վյութրիխը կարևորել է հիմնարար գիտական հետազոտությունների նշանակությունը ցանկացած կիրառական արդյունքի ստացման համար: Նա նշել է, որ, օրինակ, COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստացման աշխատանքները հիմնված են մի քանի տասնամյակ տևած հիմնարար հետազոտությունների վրա: Նոբելյան մրցանակակիրը խոսել է նաև իր կողմից մշակված միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդի, պրիոնների մասին: Այնուհետև ծավալվել է հարց ու պատասխան:
comment.count (0)