Բաքվում հայ գերիների դատավարություններն, ըստ Գրիգորյանի, ակնհայտ և հիմնավոր կերպով արհեստական են |azatutyun.am|
10:51 - 09 սեպտեմբերի, 2022

Բաքվում հայ գերիների դատավարություններն, ըստ Գրիգորյանի, ակնհայտ և հիմնավոր կերպով արհեստական են |azatutyun.am|

azatutyun.am:Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը չի առարկում՝ Բաքվից գերիներին վերադարձնելու առավել արդյունավետ տարբերակն այս պահին միգուցե քաղաքական բանակցություններն են՝ անիմաստ չհամարելով նաև մյուս գործիքների կիրառումը։

Յուրաքանչյուր քայլ իր դրական ազդեցությունն է բերում գերիների վերադարձի պահն ավելի մոտեցնելու համար, ասում է Պաշտպանը։

Խոսելով Բաքվում հայ գերիների դատավարությունից՝ Գրիգորյանն արհեստական որակեց՝ շեշտելով՝ դրանք միտված են առավել հոգեբանական ճնշում գործադրելու, ահաբեկելու ինչպես զոհերի ընտանիքի անդամներին, այնպես էլ հայ հասարակությանը։

Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Չեք կարածո՞ւմ, որ փակվել է, կամ, ավելի մեղմ ձևակերպեմ, քիչ հավանական է դարձել, որ իրավական ճանապաարհով հնարավոր կլինի ստիպել Բաքվին վերադարձնել գերիներին, և մնացել է միայն քաղաքական բանակցությունների տարբերակը։

Գրիգորյան․ - Միգուցե այս պահի դրությամբ ստեղծված հանգամանքներով առավել էֆեկտիվ է քաղաքականը, սրա հետ կապված առարկություն չունեմ, բայց այն, որ մյուս բոլոր գործիքները չպետք է օգտագործվեն, կամ անիմաստ է օգտագործել, համարում եմ, որ դա այդպես չէ։

«Ազատություն»․ - Իսկ եթե դա չի՞ աշխատում։ Երկու տարին քիչ չէ։

Գրիգորյան․ - Ես համաձայն եմ՝ երկու տարին քիչ չէ, մի շաբաթը քիչ չէ, և այս մեր բոլոր ճանապարհներին, կատարած աշխատանքների ընթացքում, ես կարծում եմ, յուրաքանչյուր քայլ իր որոշակիորեն դրական էֆեկտն է բերում՝ էդ պահն ավելի մոտեցնելու համար։ Դժվար է, բնականաբար, ես ինքս էլ ընտանիքների հետ հանդիպում եմ, տեսնում եմ էդ ցավը։ Գրեթե ամեն ամիս եմ հանադիպում իրենց հետ ու գիտեմ դա, իրենցից եմ տեսնում՝ դա ինչ խնդիր է, և փորձում եմ իմ մանդատի շրջանակներում օգտագործել հնարավոր բոլոր միջոցները։

«Ազատություն»․ - Եթե գործն անցնում է Բաքվի դատական ատյաններով և նրանք մեղավոր են ճանաչվում, այսինքն՝ չի տարածվում դա նոյեմբերի 9-իհայտարարության վրա։ Այդտեղ ի՞նչ ուղի է մնում, տիկին Գրիգորյան։

Գրիգորյան․ - Փորձելու են ինչ-որ ձևով հիմնավորել միջազգային պարտավորությունների կամ եռակողմ իրենց հանձնառությունը չկատարելու, բայց դա շատ թույլ և վատ արգումենտ է իրենց կողմից, որովհետև էդ դատավարություններն անկնհայտ և հիմնավոր կերպով արհեստական են, դրանք միտված չեն կոնկրետ անձանց կողմից հանցավոր արարքի գնահատմանը ու նաև այդ նույն պնդումը չի դիմանում այն փաստարկին, որ նույն մենք ունենք հայրենադարձված տղաներ, ովքեր նույն ձև ունեն իրենց նկատմամբ կիրառված, ուժի մեջ մտած դատավճիռներ։ Այսինքն՝ անգամ պաշտոնական Բաքվի էս մոտեցումը գործողություններով ամրապնդված չէ։ Ուստի այս առումով սրանք ի բնե արհեստական են և միտված են առավել հոգեբանական ճնշում գործադրելու, ահաբեկելու ինչպես զոհերի ընտանիքի անդամներին, այնպես էլ հայ հասարակությանը։

«Ազատություն»․ - Կանեի՞ք պնդում, որ առանց զինված մարդկանց առկայության Լեռնային Ղարաբաղում հնարավոր չի լինի այնտեղ հայեր ապրեն։

Գրիգորյան․ - Ես միանշանակ համաձայն եմ, որովհետև եթե ուղղակի միայն հայ լինելու հանգամանքով պայմանավորված վտանգավոր է բնակվելը, որպեսզի ապահովվի շարունակությունն անձանց իրենց հայրենիքում, բնակավայրում, ծննդավայրում ապրելը, բնականաբար անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Իսկ անվտանգության նման հրատապության պայմաններում առաջին տեսանելի տրամաբանական երաշխիքը հենց զինված ներկայացումն է։

«Ազատություն»․ - Հետևաբար, տիկին Գրիգորյան, Պաշտպանության բանակի հնարավոր դուրսբերումը, որը Բաքվի պահանջն է, Դուք անընդունելի՞ եք համարում։

Գրիգորյան․ - Քաղաքականության մակարդակում սրանք կարող են տարբեր ձևակերպումներ ստանալ։ Ինձ համար, որպես մարդու իրավունքների պաշտպան, որևէ երաշխիք, որը նվազեցնում է ֆիզիկական գոյության անվտանգության հարցը, անընդունելի է։

Ադրբեջանական կողմը երեկ Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։

Մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է հայրենադարձվել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին հայտարարեց, որ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել