Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը ՀՀ իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան
 |news.am|
12:18 - 12 սեպտեմբերի, 2022

Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը ՀՀ իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան |news.am|

news.am: Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը Հայաստանի իշխանությունն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Որովհետեւ անկախ այն գործընթացներից, որոնք ընթանում են տարածաշրջանում ու ներհայաստանյան մակարդակում, ակնհայտ է, որ գլխավոր սպառնալիքը գալիս է ՀՀ իշխանություններից: Այն գործընթացները, որոնք ՀՀ իշխանությունները սկսել են սկսած երկրի պետական ինստիտուտների կազմալուծումից եւ նրա առանցքային իսնտիոտւտների ոչնչացումից, վերջացրած վարվող պետական քաղաքականությամբ, ասածից ամենավառ օրինակն է:

Հայաստանի եւ Հայաստանի առջեւ սպառնալիքներն ընդհանուր են, չկա իրավիճակ, երբ մի սպառնալիք կարող է սպառնալ միայն Արցախին կամ միայն Հայաստանին: Այսօր սկսված վտանգավոր գործընթացը, որ ընթանում է, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրն է: Միայն առաջին հայացքից է սա խաղաղության մասին: Իրականության մեջ դա կարող էր կոչվել կապիտուլյացիոն պայմանագիր, հանձնման, հայրենիքի կորստի, անկման պայմանագիր: Որովհետեւ այն, ինչ քննարկվում է այս պայմանագրի շրջանակներում, ակնհայտ է, որ այնտեղ որեւէ բան չկա Հայաստանի ու Արցախի խաղաղության մասին, էլ չեմ խոսում ՀՀ-ի ու Արցախի շահերի մասին: Արցախի ինքնորոշման սկզբունքը լիիրավ բացակայում է այս գործընթացից:

Դա նաեւ ամրագրում է սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված հարցը, Ադրբեջանի կողմից ամեն գնով առաջին պլան բերվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Այստեղ գլխավորը ոչ թե այն է, որ Ադրբեջանը փորձում է իր առավելապաշտական մոտեցումներն ամբողջությամբ ամրագրել այդ փաստաթղթում, այլ այն, որ Հայաստանի կողմից ներկայացվող սկզբունքները որեւէ ամրագրում չունեն այս փաստաթղթում»,-ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով, ձեւակերպումը, որը հայկական կողմը փորձում էր ներկայացնել որպես վերապահում ադրբեջանական սկզբունքներին, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ու ազատություններին վերաբերող յս մոտեցման մեջ, սա հենց այն էր, ինչ Ադրբեջանը փորձում էր ամրագրել, փորձում էր ինքնորոշման սկզբունքը հետին պլան մղելով առաջին խնդիր դարձնել. «Ունենք իրավիճակ, որ ՀՀ իշխանությունը ոչ միայն հետ է կանգնել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից, այլ կրկնում է մոտեցումներ, որոնք եղել են ադրբեջանական քաղաքական ու քարոզչական հիմնական մոտեցումները»,-ընդգծեց Աբրահամյանը:

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծմն խնդրին, Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ այս գործընթացին նախորդել է Հայաստանի սուվերեն տարածքների բռնազավթման գործընթաց. «Այսինքն Ադրբեջանն իր ձեւով արդեն իրականացրել է դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը եւ փորձում է դրանց տալ իրավական ու միջազգային ամրագրումներ: Ադրբեջանի խնդիրը միայն անկլավների խնդիրը չէ, «Զանգեզուրի միջանցքը» չէ, Ադրբեջանը նպատակ ունի իր ռազմավարական խնդիրները լուծելու ճանապարհին արդյունավետ վերահսկողություն պահովել Հայաստանի գլխավոր կոմունիկացիաների, ռազմավարական օբյեկտների նկատմամբ:

Սա Ադրբեջանի համար երկարաժամկետ կտրվածքով երկու գլխավոր խնդիր է լուծելու. Նախ, հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում ապահովել Ադրբեջանի մեկնարկային առավելությունը, եւ երկրորդը, հնարավոր հարաբերական խաղաղ գործընթացների պարգայում կրկին Ադրբեջանին մեկնարկային մի քանի աստիճան առավելություն ապահովելը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ Հայաստանում իշխանության փոփոխությունը արագ փոփոխություններ չի երաշխավորում, դա ենթադրում է ծանր աշխատանք. «Բայց կարող ենք արձանագրել, որ այս իշխանության գոյությունը որեւէ ձեւով չի կարող Հայաստանին ու Արցախին ապահովել անվտանգություն, խաղաղություն: ՀՀ-ում իշխանության փոփոխության օրակարգը հնարավորություն է գալու եւ առաջին հերթին ՀՀ-ին կենսունակություն, դիմադրելու ներուժ ապահովելու եւ ժամանակային կտրվածքով կանգնեցնելու այն անկումը, որն առաջ է գնում»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել