Ղազախստանի մայրաքաղաքը դարձյալ ստացավ Աստանա անվանումը
 |hetq.am|
15:54 - 16 սեպտեմբերի, 2022

Ղազախստանի մայրաքաղաքը դարձյալ ստացավ Աստանա անվանումը |hetq.am|

hetq.am: Ղազախստանի խորհրդարանը, պալատների համատեղ նիստի ժամանակ, երկու ընթերցմամբ ընդունել է երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման օրենսդրական նախագիծը, որով ենթադրվում է մայրաքաղաք Նուր-Սուլթանի անվանափոխումն Աստանայի։ Այդ մասին գրում է Tengrinews պարբերականը։ Բացի այդ, այսուհետ Ղազախստանի նախագահի համար կսահմանվի պաշտոնավարման միայն մեկ ժամկետ՝ յոթ տարի նախագահությամբ։

«Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծին միաձայն կողմ են քվեարկել նիստին մասնակից բոլոր 50 սենատորները և մաժիլիսի 99 պատգամավորները։ Օրենսդրական նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Կանատ Մուսինը։ Խորհրդարանի ընդունած օրենքը կներկայացվի նախագահի ստորագրմանը։

Սեպտեմբերի սկզբին «Жаңа Қазақстан» պատգամավորական խումբն առաջարկել էր Ղազախստանի մայրաքաղաքին վերադարձնել իր նախկին՝ Աստանա անվանումը։ «Ճիշտ չենք համարում, երբ մարդու կենդանության օրոք նրա անունով քաղաք է կոչվում, ընդ որում ժողովուրդը ևս չի ընդունել մայրաքաղաքի նոր անվանումը»,- հայտարարել էին խորհրդարանականները։ Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն աջակցել էր այդ առաջարկին։

Սեպտեմբերի 1-ին Տոկաևը հայտարարել էր այս աշնանն արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին և առաջարկել սահմանափակել նախագահի վերընտրման հնարավորությունը՝ սահմանելով  7 տարի նախագահական պաշտոնավարման ժամկետ։ «Ինձ համար երկրի շահերն ամեն ինչից վեր են։ Այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ կրճատել իմ լիազորությունների ժամկետներն ու գնալ արտահերթ նախագահական ընտրությունների»,- այդ ժամանակ պնդում էր Տոկաևը։

Ղազախստանի մայրաքաղաքը «Նուր-Սուլթան» անվանումը ստացել էր 2019 թվականին՝ ի պատիվ այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի։ Ի դեպ, դա հենց Տոկաևի առաջարկն էր, որը նոր էր անցել երկրի նախագահի պաշտոնին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել