Աշակերտական խորհուրդներ [Մաս 2-րդ] Այստեղ են ձևավորվում մեր ապագա քաղաքացիները․ Քնար Տեր-Հովհաննիսյան
14:19 - 19 ապրիլի, 2019

Աշակերտական խորհուրդներ [Մաս 2-րդ] Այստեղ են ձևավորվում մեր ապագա քաղաքացիները․ Քնար Տեր-Հովհաննիսյան

Աշակերտական խորհուրդների դերի, կարևորության ու դպրոցում դրանց գործունեության հետ կապված խնդիրների մասին զրուցել ենք Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) անդամ Քնար Տեր-Հովհաննիսյանի հետ։ Քնարն արդեն երկրորդ տարին է՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում Լոռու մարզի Կողես գյուղում աշխատում է որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։

-Ի՞նչ է իրենից ներկայացնում Աշակերտական խորհուրդը, ո՞վ կարող է լինել Աշակերտական խորհրդի անդամ:

-Բոլոր դպրոցներն ունեն Աշակերտական խորհուրդներ, որոնք շատ կարևոր են աշակերտների մոտ քննադատական մտածողություն, համերաշխություն, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության զգացում ձևավորելու համար: Աշակերտական խորհուրդը կազմվում է մի խումբ աշակերտներից, որոնց գլխավորում է խորհրդի նախագահը։ Խորհուրդը հիմնականում առաջնորդվում է կանոնադրությամբ։ Աշակերտական խորհուրդների կազմը ընտրվում է ամեն տարի՝ աշակերտների կողմից․ թեկնածուները նույնպես առաջադրվում են աշակերտների միջից։

-Ո՞րն է աշակերտական խորհուրդի ստեղծման նպատակը, ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի և ինչպե՞ս է սովորաբար դրսևորվում դրա գործունեությունը․ արդյոք կիրառվում է ըստ նպատակի։

-Աշակերտական խորհուրդն աշակերտներին օգնում է ուսուցիչների, տնօրենի հետ կիսվել իրենց կարծիքով, հետաքրքրություններով ու մտքերով։ Աշակերտական խորհուրդն օգնում է կազմակերպել համադպրոցական միջոցառումներ, կատարել դպրոցական բարեփոխումներ, բարձրաձայնել դպրոցում ծագող խնդիրների մասին և լուծման եղանակներ առաջարկել, իրականացնել հետաքրքիր նախաձեռնություններ: Որոշումներն ընդունվում են բոլոր աշակերտների կողմից՝ ժողովրդավարական եղանակով:

Ցավոք, այս ամենը հաճախ մնում է թղթի վրա: Աշակերտական խորհուրդը շատ դպրոցներում կրում է ձևական բնույթ և չի գործում՝ հատկապես գյուղական համայնքներում: Աշակերտները շատ հաճախ չգիտեն, որ գոյություն ունի աշակերտական խորհուրդ, որ նրանց մասնակցությունը դպրոցի կյանքում միայն սովորելով չի սահմանափակվում և որ նրանց կարծիքը և առաջարկությունները նույնպես շատ կարևոր են և պետք է լսելի լինեն ուսուցիչների ու տնօրենի կողմից:

-Որքանո՞վ կարող է երկրի ընդհանուր քաղաքական իրավիճակն ազդել աշակերտական խորհուրդների գործունեության վրա և հակառակը՝ ի՞նչ կարող են փոխել դրանք այս առումով:

-Այո, բնականաբար քաղաքական իրավիճակն ազդում է դպրոցների վրա: Ժողովրդավարությունը սկսվում է դպրոցից։ Եթե մենք ուզում ենք ամուր պետականություն ունենալ, պետք է սկսենք բարելավել մեր կրթական համակարգը: Ովքե՞ր են մեր այսօրվա դպրոցի շրջանավարտները, ի՞նչ արժեքների կրող են նրանք, որքանո՞վ են նրանք գիտակից քաղաքացիներ։ Աշակերտական խորհուրդն օգնում է աշակերտներին ներգրավել  դպրոցի խնդիրների լուծման մեջ և դրանով մեծացնում աշակերտների սերը և պատասխանատվությունը դպրոցի, իսկ հետո՝ համայնքի և պետության հանդեպ: Աշակերտական խորհուրդները լուրջ ինստիտուտներ են, որոնց դերը, ցավոք, անտեսվում է դպրոցների տնօրինության կողմից: Ուժեղ և ակտիվ աշակերտական խորհուրդ ունենալը պետք է նպատակ  լինի յուրաքանչյուր դպրոցի համար: Այստեղ են ձևավորվում մեր ապագա քաղաքացիները։  Որքանով նրանք ապագայում կլինեն գիտակից քաղաքացի, կախված է հենց դպրոցից, քանի որ այս միջավայրում են նրանք դաստիարակվում և կրթվում:

-Ի՞նչ բացեր եք տեսնում այս ոլորտում և որո՞նք են, ըստ Ձեզ, դրանք լրացնելու ուղիները:

-Ամենամեծ բացը տեղեկատվության պակասն է։ Գյուղական շատ դպրոցներում տնօրեններն աշակերտական խորհրդին նայում են որպես ավելորդ գլխացավանք, այսինքն՝ հենց տնօրեններն ու ուսուցիչները չգիտեն, թե որն է աշակերտական խորհրդի գլխավոր նպատակը և գործունեության իմաստը: Այդ պատճառով դրանք շատ դպրոցներում ունեն ձևական բնույթ: Հարկավոր է տեղեկատվական և բացատրական աշխատանք տանել դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ։ Նաև պետք է խրախուսել դպրոցներին, որտեղ ակտիվ գործում են աշակերտական խորհուրդները:

Իրականում, դպրոցական ներքին շատ խնդիրներ կարող են լուծվել աշակերտական խորհուրդների ակտիվ մասնակցությամբ։ Շատ անգամ երեխաներն այնպիսի հարցեր են բարձրացնում, որոնք մեծերը նույնիսկ չեն էլ նկատում, նաև ավելի լավ մոտեցումներ և լուծումներ են առաջարկում որոշ խնդիրների վերաբերյալ: Պետք է բոլորս գիտակցենք, որ լավ կրթության համար անհրաժեշտ է ուսուցիչների և աշակերտների, ինչպես նաև ծնողների սերտ համագործակցությունը և ակտիվ մասնակցությունը դպրոցական կյանքին: Պետությունը պետք է խրախուսի այդ գործընթացը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել