Սիսիանի 34/06 ընտրատեղամասում ներկա են վկայականներ չկրող անձինք. ինչ խախտումներ է արձանագրել Անկախ դիտորդը
12:30 - 25 սեպտեմբերի, 2022

Սիսիանի 34/06 ընտրատեղամասում ներկա են վկայականներ չկրող անձինք. ինչ խախտումներ է արձանագրել Անկախ դիտորդը

«Անկախ դիտորդը» վաղ առավոտվանից 49 խմբերով (մոտ 100 դիտորդ) դիտարկում է տարբեր մարզերում ընթացող ՏԻՄ ընտրությունները։ Ներկայացնում են դիտորդների այս պահի դրությամբ ահազանգերը՝

  • Սիսիանի 34/06 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդներին չի թույլատրում ուսումնասիրել գրանցամատյանը, բոլոր հորդորներին պատասխանում է «ձեր գործը չի», «դուրս եկեք տարածքից» արտահայտություններով: Բացի դա, ընտրատեղամասում են գտնվում վկայականներ չկրող անձինք:
  • Քաջարանի 35/01 ընտրատեղամասում դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ընտրատեղամաս: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե չի թույլատրվում նույն առաքելությունից երկու դիտորդների ներկայությունը ընտրատեղամասում: Խնդիրը հանգուցալուծվել է միայն իրավաբանի միջամտությունից հետո:
  • Ալավերդիի 24/15 ընտրատեղամասում ոստիկանը ներկա է գտնվել հանձնաժողովի առավոտյան նիստին, ինչի իրավունքը չուներ:
  • Սիսիանի 34/02 ընտրատեղամասում ոստիկանը հրաժարվել է արձագանքել տարածքում մարդկանց կուտակումների վերաբերյալ դիտորդների ահազանգին՝ պատճառաբանելով, թե ընտրատեղամասի մոտ թույլատրվում է մինչև 15 հոգու ներկա գտնվելը:
  • Ակունքի 28/1 ընտրատեղամասում նկատվում են մարդկանց ու մեքենաների կուտակումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Համախմբում» դաշինքի (ԲՀԿ) վստահված անձանց գլխավորությամբ, որոնք, ըստ ամենայնի, ուղղորդում են ընտրողներին: Տեղում են նաև շուրջ 10 ոստիկաններ: Կուտակումների մասին դիտորդների ահազանգից հետո ոստիկանները փորձել են ինչ-ինչ գործողություններ ձեռնարկել, բայց կուտակումները շարունակվում են:
  • Ճամբարակի 20/15 ընտրատեղամասում քվեախցիկներում չեն եղել ավելորդ քվեաթերթիկներ, ինչը պարտադիր է քվեարկության գաղտնիության ապահովման համար: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դրա կարիքը չի եղել: Առաքելության դիտորդների միջամտությունից հետո հանձնաժողովի նախագահը, այդուհանդերձ, ավելացրել է քվեաթերթիկներ:
  • Ալավերդիի 24/19 ընտրատեղամասում խնդիրներ կան քվեարկության գաղտնիության հետ կապված, քանի որ հանձնաժողովի նախագահի աշխատասեղանը գտնվում է քվեախցիկներին շատ մոտ:
  • Ալավերդիի 24/17 ընտրատեղամասում (Սանահին) հանձնաժողովի անդամները փորձել են խոչընդոտել դիտորդի աշխատանքը այն բանից հետո, երբ վերջինս բարձրաձայնել է վստահված անձանցից մեկի կողմից վկայական չկրելու մասին:
  • Բյուրեղավանի 28/11 ընտրատեղամասում դիտորդները նկատել են դեպքեր, երբ ընտրություններին մասնակցող քաղաքացիները հատուկ կերպով ծալել են քվեաթերթիկների ծրարները՝ միաժամանակ «աչքով անելով» «Արդար Հայաստան» կուսակցության վստահված անձին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել