Հայ գերիներին գնդակահարողները ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ
22:37 - 02 հոկտեմբերի, 2022

Հայ գերիներին գնդակահարողները ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։

«Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին այդ ջոկատի ակտիվ ներգրավվածությունը փաստվում է նաև տելեգրամյան ալիքներով հրապարակված բազմաթիվ տեսանյութերում նրանց կրած համազգեստի արտաքին հատկանիշներով, նմանություններով, համադրությամբ: Դրանից բացի, առկա են տեսանյութեր սեպտեմբերի 13-15-ից հետո «Կոմանդո» ջոկատի զորացրումների վերաբերյալ, որտեղ նույնպես նրանք նույն համազգեստով են, ինչ հիշատակված տեսանյութում»,- ասված է հայտարարությունում։

Հիմնադրամը նշում է, որ ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։

Ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցները ուղարկվելու են միջազգային գործընկերներին։

«Մի բան միանշանակ է. Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան`թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը` առանց վավերացնելու: Առաջնահերթն Ադրբեջանի իշխանությունների, բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային քրեական պատասխանատվության հարցն է: Այս անձանց միջազգային քրեական հետապնդումը, անգամ առնվազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակություն: Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»,- նշված է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածվել էր ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութ։ ՀՀ ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, Բաքվի լայնածավալ հարձակման ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել