ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան

 |armenpress.am|
14:41 - 05 հոկտեմբերի, 2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՀԱՊԿ առաքելության շրջանակներում պետք է մշակվեր  Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ: Լրագրողի հարցին, թե ի՞նչ փուլում է գործընթացը և ե՞րբ տեսանելի կլինեն արդյունքները, Կոպիրկինը պատասխանեց, որ նախորդ շաբաթ կրկին Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ինչպես ինձ հայտնի է, նա զեկուցել է այն առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը մտադրվում է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ուսումնասիրության համար: Կարծում եմ՝ խոսքն այն կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան Կազմակերպության ներկայությունը և դերը այս տարածաշրջանում»,- նշեց Կոպիրկինը:

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել