Կարեն Անդրեասյանը պատասխանեց իշխանական պատգամավորների հարցերին |hetq.am|
14:55 - 06 հոկտեմբերի, 2022

Կարեն Անդրեասյանը պատասխանեց իշխանական պատգամավորների հարցերին |hetq.am|

hetq.am: Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովում հարցեր են ուղղում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանին: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում արտահերթ նիստին: Հերթագրվել է 9 պատգամավոր:

Պատգամավոր Գևորգ Պապոյանը Կարեն Անդրեասյանից «1-2 կոնկրետ անելիքից» հետաքրքրվեց, որ ընտրվելու դեպքում անմիջապես անելու է: Նշենք, որ իր հիմնական ելույթում Կարեն Անդրեասյանը որևէ ծրագրի մասին չխոսեց, այլ սահմանափակվեց իր երազանքների` արդար դատարան ունենալու մասին` առանց որևէ քայլ նշելու, ինչպես նաև արդար գործելուն` դարձյալ չմանրամասնելով:

Կարեն Անդրեասյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ԲԴԽ անդամը միայն մեկ անելիք ունի` քվեարկել արդար: Այդ նպատակով պետք է քվեարկել դատավորներին պատասխանատվության ենթարկելու, առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու և հարցերում:

«Ես չեմ գնում, որ հայեցակարգային կամ քաղաքականություն մշակող կամ որևէ օրենսդրություն մշակող դերակատարում ստանձնեմ: Պարզ է, իմ կարծիքն ազդելու է որոշակի իմաստով այդ գործընթացների վրա, բայց դա էլ է քվեարկության ձևով լինելու»,-նշեց Կ. Անդրեասյանը:

Թեկնածուն նշեց, որ ԲԴԽ-ում մի քանի «շատ արդար մարդիկ» սպասում են, որ «արդար ձայների քանակն այնտեղ ավելանա»:

«Ես գնում եմ դառնալու այդ մեկ ավել ձայնն այն կշեռքում, որը կշռելու է դեպի արդարություն: Սա է իմ առաքելությունը կամ խոստումը ձեզ»,-ասաց Անդրեասյանը:

Գևորգ Պողոսյանը, թեև հայտարարեց, որ ընտրելու է Կարեն Անդրեասյանին, սակայն պահանջեց էլ ավելի բացել թեման: Պատգամավորը նշեց, որ նախարար եղած ժամանակ տարբեր գրություններ է ուղարկել ԲԴԽ-ին, ուստի հետաքրքրվեց, կարող է նշել 1-2 դեպք, որ նոր նախարարն ուղարկեր, իսկ Անդրեասյանն «արդար որոշում կայացներ» կամ արդարությունը վերականգնվեր, երբ «արդար մարդիկ շատ լինեն»:

 

Կարեն Անդրեասյանը դարձյալ խուսափեց կոնկրետ պատախանելուց: Նշեց, քանի որ ուզում է, որպեսզի լինի նման դեպք, երբ արդարությունը կվերականգնվի, հետևաբար չի նշի դեպքեր` հետագայում չկաշկանդվելու համար:

 

Թեկնածուն նշեց, որ համակարգի հետ կապված կա հսկայական ասելիք և անելիք` դատարանների գերծանրաբեռնվածությունից մինչ դատավորների որոշակի խմբավորումներ, որոնք փորձում են պահպանել յուրային, ոչ յուրային տրամաբանությունը:

«Կան դատավորներ, որոնք հիմա ինձ համարում են դատական համակարգի համար ոչ յուրային, և ես գնալու եմ նաև ապացուցելու, որ չի լինելու, իմ կարծիքով յուրային-ոչ յուրային, և մենք բոլորս լծվելու ենք մի աշխատանքի` մաքրել դատական համակարգն անարդարություններից»,-ասաց Կ. Անդրեասյանը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը, դիմելով թեկնածուին, ասաց, որ կան դատավորներ, ովքեր թյուր պատկերացում ունեն խտրական վերաբերմունքից պաշտպանված լինելու, ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության իրավունքի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ և այլն: Պատգամավորը հետաքրքրվեց, թե այդ խնդիրների լուծման համար ինչ քայլեր պետք է ձեռնարկվի:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ պետք է թեթևացնել դատավորների ծանրաբեռնվածությունն այնքան, որ իրենք ինքնակրթման գոնե մի փոքր ժամանակ ունենան: Բացի այդ, կառավարության ծրագրում հստակ դրված է մասնագիտացված դատարանների ստեղծման հարցը:

«Կա երրորդ ասպեկտը: Շատ հաճախ հարցը կրթվածությունը չէ, տեղեկացվածությունը չէ: Շատ հաճախ դատավորի բարեվարքությունն ու ներքին մոտեցումն է խնդիրներին: Այս դեպքերում մենք պետք է ուենանք կարգապահական պատասխանատվության հստակ միջոցներ»,-պատասխանեց Կ. Անդրեասյանը:

Պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ հետաքրքրվեց ուշացած վճիռների կայացման դեպքերով: Ըստ նրա, երբեմն վճիռները հնարավոր է կայացնել շատ արագ, մինչդեռ տարիներով ձգվում է:

ԲԴԽ անդամի թեկնածուն դատական համակարգի «ամենամեծ խոցը» որակումը տվեց բարձրացված հարցի բովանդակությունը: Ըստ Անդրեասյանի, եթե 2013թ. դատական համակարգի ամենամեծ խոցը համատարած կաշառակերությունն է եղել, այժմ` համատարած ուշացումները, որոնց «զոհն»  են դառնում նաև դատավորները:

«Դատավորներն այնպիսի խայտառակ գերծանրաբեռնվածությամբ են աշխատում, որ հաճախ, իսկապես օբյեկտիվ են իրենց ուշացումները», նշեց Անդրեսայանը` կարևորելով տարանջատել, թե որն է ուշացումը, որը` սուբյեկտիվիզմն ու «կոռուպցիոն խաղը»:

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել