armenpress.am: Նորաբաց պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտների, այլև հարազատների հետ: Աշխատակազմը ներառում է 45 հաստիք:
Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին:
«Մենք նվիրումով և ջանասիրությամբ պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի, որ մեր քաղաքացին առերեսվելով ախտորոշման հետ՝ հնարավորություն ունենա արժանապատիվ պայմաններում ստանալ հասանելի, իր կարիքներին համապատասխան բարձրորակ բուժօգնություն»,- պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝ 2019 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնին հատկացված պետական պատվերը շեշտակի` 78%-ով աճել է 2018 թվականի համեմատ, վերջին 2 տարիներին ևս ավելացել են հատկացումները, 55%-ով էլ ավելացել են վճարովի ծառայությունները: Իսկ շահառուների թիվը 2021-ին՝ 2020 թվականի համեմատ, ավելացել է 27%-ով: Կրկնակի բարձրացրել են նաև աշխատավարձային ֆոնդը:
«Հիվանդանոցը վերազինվել է 150 անուն ժամանակակից սարք-սարքավորումներով, լուծվել է ենթակառուցվածքների խնդիրը` կառուցվել են նոր շինություններ, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ»,- նշեց նախարարը:
Ավանեսյանը վստահեցրեց, որ առողջապահության նախարարությունը շարունակելու է նպաստել ուռուցքաբանության զարգացման բոլոր նախաձեռնություններին և ապահովել Հայաստանում հասանելի և որակյալ բժշկական ծառայություններ` ուշադրության կենտրոնում պահելով մարդուն։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրեց պալիատիվ ծառայության էությունը և կարևորությունը երկրի համար։
Նա շնորհավորելով կենտրոնի տարեդարձն՝ ընդգծեց, որ 75 տարիների ընթացքում կենտրոնն իր կայուն տեղն ու դերն է ունեցել երկրի առողջապահական համակարգում։ Նա նշեց, որ ՀՀ-ում ուռուցք ունեցողների մոտ 70-80 տոկոսն իր բուժումը ստանում է իրենց կենտրոնում։
«Մենք նպատակադրվել ենք առաջիկա 2 տարիների ընթացքում դառնալ զարգացած երկրներում հայտնի ուռուցքաբանական կլինիկաներին հավասար մրցակից։ Իրականում, սրանք զուտ խոսքեր կամ տեսլական չեն. վերջին 3 տարում բուժհիմնարկում կատարվել են մեծածավալ աշխատանքներ թե՛ կենցաղի, թե՛ սարքավորումների և թե՛ նոր մասնագետների ու ծառայությունների ուղղությամբ։
ՈւԱԿ-ն իր խնայած միջոցների հաշվին նաև մեծածավալ ներդրումներ է կատարել. այն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 258-րդն է: Այս ամենի վերջնարդյունքը պետք է լինի այն, որ ոչ մի ուռուցքով հիվանդ Հայաստանից չմեկնի այլ երկիր՝ բուժման նպատակով»,- նշեց նա:
Միջոցառումների շրջանակում բացվեց նաև ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, Աժ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Նարեկ Զեյնալյանը, ՀՀ բժշկական կենտրոնների տնօրեններ, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից ժամանած գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք։
comment.count (0)