ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշում, որով կհստակեցվեն քաղաքներում փողոցային ստեղծագործական ելույթների հետ կապված իրավահարաբերությունները:
Ըստ հիմնավորման՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է Երևան քաղաքի և քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) ստեղծագործական, մշակութային (երաժշտական, գրական, պարային և այլն) գործունեություն իրականացնողների գործունեությունը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ հանրային բացօթյա վայրերում իրականացվող ստեղծագործական, մշակութային գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Նշված խնդիրը չի կանոնակարգվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներով, այլ իրավական ակտերով:
«Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը»,- ասվում է հիմնավորման մեջ։
Նախատեսված դրույթների ընդունմամբ փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում մշակութային գործունեության իրականացման կարգը:
«Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում»,- նշված է ՀՀ կառավարության որոշման նախագածում։
Փոփոխությամբ մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել կամ առանց դրանց բռնագրավման»:
ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Լուսանկարը՝ civilnet.am-ի
comment.count (0)