Գլխավոր շտաբի պետն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
17:45 - 15 հոկտեմբերի, 2022

Գլխավոր շտաբի պետն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան և հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու ՀՀ զինված ուժերի պատրաստակամությունը, ներկայացրել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության` Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: 

ԵՄ դիտորդական նախնական խմբի մասին հայտնել էր Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ գրելով․ «ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել՝ Հայաստանի հարցմանն արձագանքելու համար։ Դիտորդական խմբի տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել