Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին ԱԱՀ գանձելու նպատակահարմարության մասին
 |1lurer.am|
12:43 - 20 հոկտեմբերի, 2022

Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին ԱԱՀ գանձելու նպատակահարմարության մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախագծով լրացվում է սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկը:

«Ավելացվում են մի քանի կատեգորիաներ գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, քիմիական, մետալուրգիական և այլ ոլորտներում, որպեսզի թեթևացնենք այն ընկերությունների գործը, որոնք ներմուծելիս խնդիրներ և բարդություններ ունեն սահմանին լրացուցիչ ֆինանսական ծախսերի առնչությամբ. մշակող արդյունաբերության ընկերություններին թույլ ենք տալիս, որ սահմանին չվճարեն ԱԱՀ, այլ՝ ընթացքում, երբ ապրանքները կվաճառեն, կգոյանա ԱԱՀ, իրենք ընդհանուր ռեժիմով կվճարեն»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նախարարը նշեց, որ նախագծի ներքո դիտարկվող ապրանքային խմբերից 2021 թվականին ներմուծվել է ընդամենը 11 մլն դոլարի ապրանք:

«Բայց մենք գիտենք, որ շատ ընկերություններ խուսափում են ներմուծել հումքը, որովհետև ԱԱՀ-ի առկայությունն իրենց աշխատանքը դարձնում է ոչ մրցունակ»,- նշեց նա: 

«Շատ երկար ժամանակ քննարկվում է սահմանին ԱԱՀ գանձելու նպատակահարմարությունը, և մենք կարծես թե կողմնորոշվել ենք, և փուլային ճանապարհով պետք է գնանք դրանից հրաժարվելու եղանակով: Հիմա, ըստ էության, այսպիսի որոշումով ոչ թե ազատում ենք ավելացված արժեքի հարկից, այլ խոսում ենք սահմանին հարկելու վերաբերյալ, և այդ առումով մեր քաղաքական մոտեցումը սա է, որ զգույշ, առանց շատ կտրուկ քայլերի փորձենք գնալ այս ճանապարհով, առանց վնասելու և հաշվարկելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ բյուջեի եկամուտների համար»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հիշեցրեց. «Հիմա ամսական կտրվածքով ԱԱՀ-ի գումարները վերադարձնում ենք, և տնտեսվարողներին այս մասով պարտք չունենք, ամեն ամիս զրոյական է լինում, ինչքան գործարք ունենում են ներմուծման ժամանակ, մենք հաջորդ ամիս, եթե ԱԱՀ գծով պարտավորություններ չունեն, դեբետը վերադարձնում ենք, և այս մասով բավական մեծ գոհունակություն կա»,- ասաց նա: 

«Շատ կարևոր է արձանագրել, որ մենք ընթացս լուծում ենք ինստիտուցիոնալ նշանակության շատ կարևոր հարցեր, որոնց գոյությունը նաև մոռացվում է: Հիմա ո՞վ է հիշում, որ Հայաստանում ԱԱՀ վերադարձի խնդիր է եղել, երբ մարդիկ իրենց հասանելիք գումարը տարիներով, ամիսներով չեն կարողացել ստանալ:

Մեր խնդիրն է հնարավոր բոլոր պրոբլեմներն այս եղանակով լուծել, որ դրանց գոյությունը մոռացվի: Բազմաթիվ հարցեր են լուծվել: Անվտանգային միջավայրի հետ կապված պրոբլեմների բերումով մոռանում ենք կամ հարկ էլ չենք համարում  բարձրաձայնել դրանց մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետական համակարգերի ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել