Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատը։
«Էրիկ Ալեքսանյանի կալանավորումից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպվել է քննարկում վերջինիս փաստաբանական խմբի հետ:
Պաշտպանական խմբի հաղորդմամբ՝ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է իր մասնագիտական գործունեության շրջանակներում՝ փաստաբանի կատարած օրինական գործողությունների համար: Այդ մասին հայտարարել է նաև Էրիկ Ալեքսանյանը զանգվածային լրատվության միջոցների հետ շփումների ընթացքում:
Այս կապակցությամբ, ՀՀ փաստաբանների պալատը, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել է, դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում, առավել ևս՝ քրեական, որը կարող է պայմանավորված լինել վերջինիս կողմից իրականացվող օրինական մասնագիտական գործունեությամբ: Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ փաստաբանի անկախությունը վերջինիս մասնագիտական գործունեության առանցքային հիմքերից է: Այն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության մեջ երաշխավորելու անձանց իրավունքների պաշտպանությունը:
Միաժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը:
Տեղեկացնում ենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանական խմբի հետ քննարկման արդյունքներով, այսօր արդեն դիմում է մուտքագրվել Փաստաբանների պալատ՝ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովում հարցը քննարկելու համար: Դիմումի կապակցությամբ հրատապ կարգով կհրավիրվի հանձնաժողովի նիստ:
Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման մասին տեղեկանալուն պես Պալատի նախագահը և Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգողն հրատապ այցելել էին վերջինիս և քննարկել նրա պաշտպանության հետ կապված հարցեր»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։
Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը այս փուլում հրաժարվել են մեկնաբանություն տալ։
comment.count (0)