news.am: Փաստաբանները գործադուլ են հայտարարել, որին միացել են գրեթե բոլորը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Փաստաբանների պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը:
«Գործադուլ հայտարարված է բոլորի համար, որին միացել են գրեթե բոլորը: Բացառիկ դեպքերում, եթե խիստ անհրաժեշտություն կա, օրինակ, ինչ-որ մեկի նկատմամբ կալանքի որոշում են կայացնում, այդ պահին կարող է փաստաբանը գնալ: Մնացած դեպքում բոլորը միացել են գործադուլին»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին դատարանների դիմաց փաստաբաններն իրազեկման ակցիա են անցկացնում:
Խոսնակը նշեց, որ այս պահին փաստաբանների ընդհանուր ժողովն է ընթանում, ապա կլինի մամուլի ասուլիս:
Իր հերթին փաստաբան Սերգեյ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում, որն ընթանում է այս պահին, հիմնական կարևոր հարցը հարկային փոփոխություններն էր, որը բավականին բացասական հետևանքներ է բերելու երկրում:
Բացի նրանից, որ փաստաբանական վճարի գինն է միանշանակ բարձրանալու, այլեւ իրավապաշտպանների պարագայում փաստորեն պետությունը արգելում է մեզ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ, այսինքն անվճար հիմքերով մարդկանց կողքին կանգնել: Իսկ դուք գիտեք, օրինակ մենք կոնկրետ հինգ իրավապաշտպաններով ստացվող ժամանակահատվածում միայն անվճար հիմունքներով փորձել ենք հարյուրավոր մարդկանց անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ: Այսինքն պետությունը նաև այս օրենսդրական փոփոխությամբ դա է մեզ արգելում, որը աննախադեպ բան է: Ես չգիտեմ այդպիսի երկիր, որտեղ նմանատիպ օրենսդրական նորմ լինի:
Պարզ է որ նպատակը այստեղ ավելի շատ ճնշումն է և ընդիմության, և փաստաբանական համայնքի նկատմամբ լծակներ ունենալն է, որը բերելու է հերթական բացասական հետևանքների: Դա հերթական չմտածված կամ ինչ-որ մի տեղ շատ ավելի խորը մտածված, ոչ ողջամիտ, ոչ ժողովրդավար քայլերից է»,- հայտարարեց նա:
Սերգեյ Հարությունյանը նաեւ ընդգծեց, որ այս փոփոխությունների հետեւանքով փաստբանական ծառայությունների գինն է բարձրանալու, որովհետեւ եթե փաստաբանը որոշակի X գումար էր նախատեսում իր աշխատանքի համար, որի մեջ նաև մտնում էր իր վարձատրությունից զատ, նաև այն ծախսերը, որ ինքը պետք է հոգար, հիմա արդեն դրան ավելանալու է այդ տոկոսը. «Որովհետև փաստաբանը չի կարող արդեն այն ավելացած գումարը, որը ներառվում է այդ հարկի մեջ, դրանով իր բոլոր ծախսերը հոգալ: Ստացվում է, որ դա ավելորդ բեռ է քաղաքացու համար, ով որ պետք է դիմի փաստաբանի:
Մեր փաստաբանական համայնքում միշտ ընդունված է եղել, այդ խրախուսված է եղել անվճար իրավաբանական օգնություն ցույց տալը, ու նույն այս բոլոր քաղաքական ակցիաների շրջանակներում մեր համայնքից բազմաթիվ փաստաբաններ միշտ կանգնել են խախտված իրավունքներով մարդկանց կողքից։ Այժմ օրենքը արգելում է, այսինքն, եթե փաստաբանը որևէ մի, թեկուզ սոցիալապես անապահով անձի տեսնում է, որ կա իրավական աջակցության, իրավական խորհրդատվության կարիք, արդեն պետք է իր գրպանից ստիպված վճարում կատարի անվճարունակ անձի կողքին կանգնելու համար»:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Փաստաբանների պալատը կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանը․ առիթը փաստաբանական ծառայությունների մատուցման եւ անվճար իրավաբանական օգնության տրամադրման ոլորտում հարկային բեռի վերջին փոփոխություններն են, որի մասին կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։
comment.count (0)