«Պաշտպան հայրենյաց»․ գործադիրն առաջարկում է ներդնել պարտադիր զինվորական ժառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ
11:33 - 27 հոկտեմբերի, 2022

«Պաշտպան հայրենյաց»․ գործադիրն առաջարկում է ներդնել պարտադիր զինվորական ժառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ

Նախատեսվում է ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որը կոչվելու է «Պաշտպան հայրենյաց»։ Կառավարությունը այսօր հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին։ 

Նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

Նրա խոսքով՝ նոր ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի․ «Ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։ Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվում է ազատորեն։ 

Պայմանագիրը կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սամանված կարգով և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը։ Միաժամանակ, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինածառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը»։ 

Պապիկյանը հավելեց՝ ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակում ներկայում ծառայությունը շարունակում են ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36 ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թ․-ի հունվարին։

Սուրեն Պապիկյանը առաջարկեց նախագծի քննարկումը ՀՀ ԱԺ-ի կողմից համարել անհետաձգելի։

Պաշտպանության նախարարը հավելեց, որ սա պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է։ 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվեց՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը շարունակվելո՞ւ է, թե՞ այստեղ նույնպես կան որոշակի փոփոխություններ․ «Դա այն ծրագիրն է, որ բուհեր ընդունվում են, կնքվում է պայմանագիր, և ուսումնառության ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում»,-նշեց Դումանյանը։ 

Պապիկյանն էլ արձագանքելով ասաց՝ չի շտապի գնահատական տալ ու ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի․ «Բայց, ինչպես մենք մեր համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք, կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև՝ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու, որը նաև մեր իրավապահ համակարգի գործընկերների ուշադրության կենտրոնում պետք է լինեն։ Բայց քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից հրաժարվելը նպատակահարմար դեռևս չենք համարում, բայց թեման քննարկելի է, այն կարելի է լավարկել, բարելավել»։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ խորհրդակցությունների ժամանակ բազմիցս այդ խնդրին անդրադարձել են․ «Ես այսպիսի մի միտք շատ կարևոր եմ համարում։ Ընդհանրապես, ցանկացած երկրում սպայական դասը պետության կարևորագույն հենասյուներից մեկն է, և մենք օբյեկտիվ հանգամանքների բերումով այսօր մեր սպայակազմի մեջ ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց առաջին մասնագիտությամբ մանվարժ են, գիտնական են, ինժեներ են։ Եվ բոլորիս հայտնի հանգամանքների բերումով նրանք դարձել են սպաներ։ Սա անկախության առաջին տարիներին հասկանալի և ընդունելի գործընթաց էր, բայց կարծում եմ՝ 30 տարվա արդյունքներով նման քաղաքականությունը շարունակելը պրոբլեմատիկ է, որովհետև սպայական դասը բոլորովին ուրիշ երևույթ է, և սպայական դասը պիտի լինի սպայական դաս»։ 

Փաշինյանը հայտարարեց նաև՝ բուհական համակարգի փոփոխությունների համատեքստում քննարկում են, որ Հայաստանում պետք է, պայմանական ասած, սպայական կրթական հաստատություն լինի․ «Այն սովորական բուհերից կտարբերվի, չի լինի ուղղակի բակալավրիատ, այլ սպա պատրաստող ուսումնական հաստատություն կլինի։ Սա շատ լուրջ և խորքային խնդիր է, հայեցակարգային խնդիր է, և պետության կայացման և պետության ինտիտուտների և պետականակենտրոն խավերի ձևավորման խնդիր է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել