Հայ ռեժիսորների «Ավրորայի լուսաբացը» և «Զուլալի» ֆիլմերն արժանացել են միջազգային մրցանակների
11:59 - 29 նոյեմբերի, 2022

Հայ ռեժիսորների «Ավրորայի լուսաբացը» և «Զուլալի» ֆիլմերն արժանացել են միջազգային մրցանակների

Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» և ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմերն արժանացել են միջազգային մրցանակների:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Տալլինի «Սև գիշերներ» (Tallinn Black Nights) միջազգային կինոփառատոնի Baltic մրցութային ծրագրում արժանացել է «Համարտադրության համար Բալթյան լավագույն արտադրող» մրցանակին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է։ Այն աջակցություն է ստացել նաև եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից (Հայաստանը՝ որպես մեծամասնական համարտադրող): Արտադրող ընկերություններն են՝ «Բարս մեդիա», Gebrueder Beetz Filmproduktion, Artbox Laisvalaikio Klubas, ռեժիսորն ու սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմն ստեղծվել է «Զորյան» ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը: Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն` դեռատի աղջիկը կրկին վերապրում է ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել Հայոց եղեռնի մասին:

Իսկ Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը մասնակցել է Մոսկվայի «Կինոն առանց արգելքների» (Кино без барьеров, Breaking Down Barriers) հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին նվիրված XI միջազգային կինոփառատոնին և հաղթել «Երեխաների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել