Վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով․ Արցախի ՄԻՊ
15:27 - 03 դեկտեմբերի, 2022

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
 
«2022 թվականի դեկտեմբերի 3-ին կեսօրից հետո ադրբեջանական կողմը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ Շուշիի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: 
 
Այս պահին Արցախի 120 հազար ժողովուրդը ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև, որի հանցավոր պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են:
 
Հրադադարի հաստատումից ի վեր բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակով ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրանց գործունեությունը խափանելուն ուղղված գործողությունների, որոնք Արցախը էթնիկ զտման ենթարկելու ընդհանուր քաղաքականության բաղադրիչներն են:
 
Ավելին, նույնիսկ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով:
 
Նման վտանգների կրկության վերաբերյալ ահազանգել ենք տարբեր հնարավոր խողովակներով ու միջոցներով: Պատշաճ ու հասցեական կանխարգելման բացակայության հետևանքով էլ ադրբեջանական կողմը գործում է անպատժելիության վարքագծով, որին վերջնականապես պետք է վերջ դրվի:
 
Ուստի, հորդորում ու պահանջում եմ միջազգային հանրության հիմնական դերակատարներից հասցեական ու կոշտ քայլերով ձեռք առնել պատժիչ ու կանխարգելիչ միջոցներ, այլապես նման դեպքերի կրկնությունն ու հումանիտար աղետն անխուսափելի են»,- գրել է Պաշտպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել