Հայաստանը ՌԴ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու

 |armenpress.am|
15:47 - 09 դեկտեմբերի, 2022

Հայաստանը ՌԴ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու |armenpress.am|

armenpress.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակիցների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում։ 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ի գծով և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում: Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և դրա համար գործադրում ենք առավելագույն ջանքերը: Մենք առանձնահատուկ կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը և Հայաստանի զինված ուժերի ներուժը բարձրացնելու գործում աջակցության ցուցաբերումը»,- ասել է Սերգեյ Շոյգուն:

Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը։

Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա չորրորդ հանդիպումն է։ Այսօրվա բանակցությունները տեղի են ունենում ԱՊՀ և ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։

«Մենք բարձր ենք գնահատում գագաթնաժողովը կազմակերպելու ձեր նախաձեռնությունն ու ջանքերը: Դեկտեմբերը ճիշտ ժամանակն է արդյունքների ամփոփման և ապագայի ծրագրերի շուրջ խորհելու համար, այսօր մենք կստորագրենք 2023 թվականի պլանը», - ասել է Սուրեն Պապիկյանը:

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՇՀԿ անդամ երկրների և ԱՊՀ մասնակիցների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենհեն։ Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ կոմյունիկե։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել