Չեմ բացառում, որ ադրբեջանցիները լրացուցիչ նախապայմաններ առաջ քաշեն. Արտակ Բեգլարյան
20:47 - 19 դեկտեմբերի, 2022

Չեմ բացառում, որ ադրբեջանցիները լրացուցիչ նախապայմաններ առաջ քաշեն. Արտակ Բեգլարյան

Մեզ համար շատ կարևոր է, որ այս շարժումը աճի, որովհետև Արցախի հումանիտար աղետը գնալով խորանում է, և պետք է մեր հոգածությունը, ջանքերը կրկնապատկվեն։ Այս մասին այսօր երեկոյան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ 

Նա նշեց, որ պետք է արձանագրենք, որ արդեն ութերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է ահաբեկչական, ցեղասպանական գործողությունները Արցախի 120․000 բնակչության հանդեպ, և ադրբեջանցիները գնալով փորձում են խստացնել, կոշտացնել իրենց գործողությունները․

«Ես չեմ բացառում, որ առաջիկա օրերին ադրբեջանցիները փորձելու են լրացուցիչ նախապայմաններ առաջ քաշել կամ լրացուցիչ գործողություններով իրավիճակը ավելի սրել, բայց դրան զուգահեռ պետք է, որ մեր ճնշումը լինի ավելի մեծ, մեր բողոքի ակցիաները լինեն ավելի ուժգին և միջազգային հանրության ճնշումը նույնպես մեծ լինի, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ բարձր գին է վճարելու այս իրավիճակի համար»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ տարբեր ձևակերպումներով անդրադարձել են իրավիճակին, հիմնականում հասցեական հայտարարություններ են արել և հստակ ձևակերպել իրենց հորդորը, որ պետք է ճանապարհը բացվի․ 

«Սակայն քանի դեռ ճանապարհը չի բացվել, մենք պետք է հասկանանք, որ այդ ճնշումը բավարար չէ, հետևաբար պետք է բոլոր դերակատարները ավելացնեն ճնշումները»,- նշեց Բեգլարյանը։  

Բողոքի ակցիային ներկա էին նաև Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը և Արցապի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

Ստեփանյանը հայտնեց, որ հանդիպել է  ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ։ Նա աշխատակիցներին է ներկայացրել բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները՝ նշելով, որ օր առաջ հնարավորություն պետք է ստեղծվի Արցախի ժողովրդի համար, և դա պետք է իրականացվի մայր Հայաստանի միջոցով։ 

Ստեփանյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները ցեղասպանական են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել