armenpress.am: ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում և կշարունակի աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին վստահեցրել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրաժեշտի իր տեսաուղերձում:
«Արդեն 3 տարուց ավելի Հայաստանում եմ: Երկրի համար դժվարին ժամանակներ էին, չնայած անհերքելի մարտահրավերներին՝ ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ: Լավատեսությանս հիմքում ժողովուրդն է»,-նշել է Թրեյսին:
Նրան ոգեշնչում է հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ուղղվածությունը: Խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցն ընդգծել է երկու երկրների գործընկերության դրական հետագիծն ու ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին:
Նա 2021 թվականին նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ևս մեկ կարևոր իրադարձություն է համարել: «ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում: Եվ մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,-նշել է Թրեյսին:
Նա հիշեցրել է, որ համագործակցել են ՀՀ կառավարության հետ՝ պարեկային ծառայություն ներդնելու հարցում, որը կոչված է հնարավորինս արագ արձագանքելու քաղաքացիների կարիքներին, աջակցել են նաև Հայաստանում մեդիա ոլորտին:
Լին Թրեյսին ընդգծել է՝ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց մինչև Սանահինի վանք: Հպարտ է, որ կարողացել են նպաստել Հայաստանի եզակի ժառանգության պահպանությանը՝ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն աշխատել է գյուղմթերք արտադրողների հետ՝ բարելավելու պարենային անվտանգությունը և աջակցել է բիզնեսին մարզերում տնտեսական զարգացում ապահովելու գործում:
«Այս տարի մենք նշեցինք մեր երկու ժողովուրդների միջև գործընկերության 30-ամյակը, գործընկերություն, որն իր արտահայտությունն է գտել մեր կառավարությունների, բայց, որ ավելի կարևոր է՝ մեր ժողովուրդների հարաբերություններում: Հետ նայելով իմ պաշտոնավարման 3 տարիներին և անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը՝ չեմ կարող չոգեշնչվել հայ ժողովրդի աննկուն տեսակով և չլցվել ապագայի հանդեպ մեծ հույսով: Այստեղից տանում եմ հիշողություններ, որոնք ընդմիշտ կապրեն իմ հոգում»,-եզրափակել է նա:
comment.count (0)