Ադրբեջանը Լաչինի միջանցքը «բնապահպանների» քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում․ Գրիգորյան
12:04 - 20 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանը Լաչինի միջանցքը «բնապահպանների» քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում․ Գրիգորյան

Ադրբեջանը Լաչինի միջանցքը այսպես կոչված բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում։ Այս մասին խորհրդարանում, ի պատասխան Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացի, Արցախում ապրող հայերը հումանիտար ճգնաժամից խուսափեն և ստեղծված ճգնաժամը արագ հանգուցալուծում ստանա։

Ի պատասխան Ագնեսա Խամոյանը նշեց, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը,  Հայաստանը այդպիսի պարտավորություն է ստանձնել Կառավարության ծրագրով։  Այնուհետև պատգամավորը Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչ է անում ՀՀ-ն ճանապարհը բացելու համար, ինչպե՞ս է դրսևորվում Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը։

«Եթե Կառավարության ծրագրով ՀՀ-ն այդպիսի պարտավորություն է ստանձնել, ապա Հայաստանը շարունակում է այդ պարտավորությունը կատարել։ Բազմապիսի են այդպիսի պարտավորությունները, որոնք կատարում է Հայաստանը։ Ես ուզում եմ՝ դուք հաշվի առնեք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգություն ապահովողը հանդիսանում է ՌԴ-ն։ Կոչ կանեի, որ ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատի, որպեսզի ՌԴ-ն կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան, անվտանգ երթևեկություն։ Մենք նաև աշխատում ենք ՌԴ-ի հետ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի։ Այս պրովոկացիան, որը կազմակերպել է Ադրբեջանը, որը էթնիկ զտման նպատակ ունի, պետք է զգոն պահի բոլորին և այս առումով կարող եմ ասել, որ իշխանությունը իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները օգտագործում է՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- ի պատասխան Խամոյանի հարցին՝ ասաց Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել