Գյումրիում ՌԴ քաղաքացին ձերբակալվել է համատեղ բնակվող ընկերուհու սպանության կասկածանքով․ սպանվածը ևս ՌԴ քաղաքացի է
21:32 - 24 դեկտեմբերի, 2022

Գյումրիում ՌԴ քաղաքացին ձերբակալվել է համատեղ բնակվող ընկերուհու սպանության կասկածանքով․ սպանվածը ևս ՌԴ քաղաքացի է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրի քաղաքում 37-ամյա կնոջ սպանության դեպքի հանգամանքները:
2022թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 08:00-ին, հաղորդում է ստացվել օպերատիվ տվյալների իրացմամբ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն կատարվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
 
Անմիջապես դեպքի վայր ժամանած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայր հանդիսացող բնակարանի հյուրասենյակ-ննջասենյակի հատակին հայտնաբերել է 37-ամյա կնոջ դի:
 
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
 
Նախաքննությամբ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՌԴ՝ 2002թ․ ծնված քաղաքացի։
 
Մասնավորապես քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում։
Նշված բնակարանում վարձակալությամբ բնակվող անձի և վերջինիս հետ համատեղ բնակվող նրա ընկերուհու՝ 1985թ ծնված, ՌԴ քաղաքացի Ե․Բ․-ի միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում, նախնական տվյալներով, տղամարդը նրան հասցրել է մարմնական վնասվածքներ՝ պատճառելով մահ և հեռացել դեպքի վայրից:
 
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ ներկայացնելով ընկերուհուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ քննությանը հետաքրքրող էական հանգամանքներ:
 
Նախաքննական մարմնի որոշմամբ, անմիջականորեն առաջացած հիմնավոր կասկածի հիմքով, նա ձերբակալվել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ: Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել