ԿԳՄՍ նախարարությունը ամենակարևոր գերատեսչություններից մեկն է. ՀՀ նախագահն ընդունել է Ժաննա Անդրեասյանին
15:22 - 27 դեկտեմբերի, 2022

ԿԳՄՍ նախարարությունը ամենակարևոր գերատեսչություններից մեկն է. ՀՀ նախագահն ընդունել է Ժաննա Անդրեասյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում:

«Ցանկանում եմ արգասաբեր աշխատանք և հաջողություններ մաղթել Ձեզ շատ կարևոր և պարտավորեցնող պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կարծում եմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիրի ամենակարևոր գերատեսչություններից մեկն է, որն իր գործունեության բնույթով պայմանավորված` ուղղակիորեն առնչվում է մեր հանրության բոլոր շերտերի հետ»,- շեշտել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ բազմոլորտ նախարարության արդյունավետ աշխատանքի առաջնային գրավականը միջգերատեսչական և ոլորտային ուղղությունների համագործակցությունն ու ներդաշնակությունն են:

Զրույցի ընթացքում նորանշանակ նախարարը նախագահին է ներկայացրել կրթության ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների ընդհանուր վիճակն ու մանկավարժների ատեստավորման համակարգի ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը:

Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ հնարավորությունների սահմաններում մշտապես պատրաստակամ է աջակցել նախարարության կողմից նախաձեռնվող ծրագրերին և միջոցառումներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել