Բայրամովը Հայաստանին մեղադրել է «ապակառուցողական» լինելու մեջ 
 |factor.am|
18:29 - 27 դեկտեմբերի, 2022

Բայրամովը Հայաստանին մեղադրել է «ապակառուցողական» լինելու մեջ |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը սահմանափակ է համարում 2022 թվականին Հայաստանի հետ բանակցություններում խաղաղության պայմանագրի և սահմանների դելիմիտացիայի հարցում առաջընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա Հայաստանին մեղադրել է, իբր, ապակառուցողական լինելու մեջ։ 

«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել  Ժնևում, երկրորդը՝ Վաշինգտոնում, երրորդ փուլը չկայացավ հայկական կողմի մերժման պատճառով։ Նաև տեղի է ունեցել սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովի երեք նիստ։ Ընդհանրապես, ձեռք բերված առաջընթացը խաղաղության պայմանագրի և սահմանների սահմանազատման հարցում շատ սահմանափակ է, պատճառը հայկական կողմի ոչ կառուցողական և անհետևողական դիրքորոշումն է»,- ասել է Բայրամովը 2022 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ «Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները, իսկ Բաքուն իր կողմից շարունակելու է ջանքերը, որ Հայաստանը դրանք կատարի»։ 

ԱԳ նախարարը նաեւ նշել է, թե Բաքվի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագա սերունդներին թողնելու ՌԴ առաջարկն անընդունելի է։ 

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել ապագա սերունդներին։ Բաքուն իր դիրքորոշումն այդ հարցում արդեն արտահայտել է»,- ասել է Բայրամովը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել