ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը մեղադրել է Երևանին Լաչինի ճանապարհի շուրջ իրավիճակի համար
 |azatutyun.am|
12:06 - 09 հունվարի, 2023

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը մեղադրել է Երևանին Լաչինի ճանապարհի շուրջ իրավիճակի համար |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը մեղադրել է Երևանին Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի համար՝ ասելով, թե «Հայաստանը հուսահատության մեջ է Լաչինի ճանապարհն իր անօրինական գործունեության համար օգտագործելու անկարողության պատճառով»:

«Հայաստանը բազմաթիվ կեղծ պատմություններ է քարոզում՝ տեղում իրականությունը խեղաթյուրելու համար… Հասկանալի է, թե ինչու է Հայաստանն այդքան հուսահատ, որովհետև Լաչինի ճանապարհն այլևս հասանելի չէ իր անօրինական գործողությունների համար»,- ասվում է առաքելության Twitter-ի միկրոբլոգում տեղադրված հայտարարության մեջ։

Ինչպես փոխանցում է Interfax-Azerbaijan-ը, ՆԱՏՕ-ում երկրի ներկայացուցչությունը հայտարարել է, որ «Լաչինի ճանապարհը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, որը համաձայնել է օգտագործել բացառապես մարդասիրական նպատակներով՝ համաձայն եռակողմ հայտարարության վեցերորդ կետի, և նույնիսկ ավելի քիչ, քան երկու տարի ժամանակում շահագործման հանձնեց նոր ճանապարհը»:

«Ադրբեջանը բարեխղճորեն կատարել է իր բոլոր պարտավորությունները, իսկ Հայաստանը առաջին օրերից օգտագործում է Լաչինի ճանապարհը անօրինական գործունեության համար։ Հայաստանը նույնպես չի բացել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում, ինչը եռակողմ հայտարարության 9-րդ կետի կոպիտ խախտում է»,- ընդգծել է ՆԱՏՕ-ում առաքելությունը։

«Հայաստանն օգտագործել է Լաչինի ճանապարհը զենքի և անձնակազմի ապօրինի տեղափոխման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել