Փաշինյանը անդրադարձավ իր թիմակիցների աճող ունեցվածքի վերաբերյալ հարցին
14:45 - 10 հունվարի, 2023

Փաշինյանը անդրադարձավ իր թիմակիցների աճող ունեցվածքի վերաբերյալ հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն ուղղեց հետևյալ հարցը․ «Մամուլում չեն դադարում հրապարակումներ Ձեր քաղաքական թիմի անդամների ունեցվածքի վերաբերյալ։ Օրինակ՝ գրվել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ընկերների կողմից արտադրական կանեփի արտադրության բիզնես սկսելու մասին, ընդ որում՝ այն դեպքում, երբ այդ նախագիծը մշակվել էր հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմում, Ավինյանի մայրը մեծ հողատարածքներ է ձեռք բերել Արմավիրի մարզում, Ալեն Սիմոնյանի եղբայրը շարունակում է հաղթել ճանապարհաշինության տենդերներում (և այլ օրինակներ՝ խմբ․)։

Դուք նախկինում՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, մշտապես խնդրահարույց էիք դիտարկում այս երեւույթները, իսկ հիմա ոչ միայն չեք անդրադառնում, կամ հազվադեպ, ոչ էլ քննադատում եք, կամ էլ առավել եւս պաշտոնանկուններ չեն լինում։ Ինչու այս մարդիկ չեն ազատվում պաշտոններից, ինչու չի սկսվում իրավական գործընթաց»։

Ի պատասխան՝ Փաշինյանը վստահեցրեց, որ չի կարող լինել այնպիսի հրապարակում, որն իրավապահ մարմինների ուշադրությանը չարժանանա․ «Ես էդ հարցն էլ ուզում եմ, որ մենք ճիշտ հասկանանք։ Նախ՝ փաստերի ճշգրտությունը։ Հիմա ասում եք՝ Ալեն Սիմոնյանի եղբայրը շարունակում է շահել մրցույթներ։ Նախ՝ մի բան, Ալեն Սիմոնյանի եղբայրն էդտեղ ի՞նչ կարգավիճակ ունի, տնօրեն, իսկ Ալեն Սիմոնյանի եղբայրը որեւէ տեղ աշխատելու իրավունք ունի՞, ասենք՝ ինքը ի՞նչ պետք ա աշխատի»։

Նիկոլ Փաշինյանը որպես օրինակ բերեց այն, որ, իր խոսքով, Հայաստանի ընդդիմության առաջնորդներից մեկի ընտանիքի անդամներից մեկին պատկանող ընկերությունը Հայաստանում ամենաշատ տենդերներն է շահում, եւ իրենք դեմ չեն դրան, իրենք դեմ են նրան, որ շատ քաղաքական սրացումների ժամանակ բողոքի սաբոտաժի (իրենց տպավորությամբ) էլեմենտներ ստեղծեն։

«Դուք հարցն ուրիշ ձեւ տվեք։ Էսօր Հայաստանում շինարարի պրոբլեմ ունենք։ Մենք խնդրում ենք, որ մարդիկ գան, մրցույթների մասնացեն եւ շահեն։ Դուք գիտեք, տեղյակ եք, որ ինչ-որ ընկերություն կա, որն ուզում ա մրցույթում հաղթի եւ չի կարողանո՞ւմ հաղթի։

Մենք պետք ա ուրիշ տեսակետից նայենք հարցին։ Օրինակ՝ Տիգրան Ավինյանի ընտանիքը մեկը դիտարկել ա՞, դիտել ա՞՝ 2018-ից առաջ իրենք որեւէ գործունեություն տնտեսական ծավալել ե՞ն, թե՞ չեն ծավալել»,- ասաց նա։

Լրագրողն արձագանքեց, որ «նրանք զարմանալիորեն ավելի հարստացան 2018-ից հետո», ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց․ «Էդ բոլոր դեպքերին, որ բարձրաձայնեցիք, մի մասին ես տեղյակ էի, մի մասին տեղյակ չէի, բոլոր դեպքերը կնայվեն, եւ ես ասում եմ՝ բացառված ա, որ լինի կոմպրոմիս, որ որեւէ տեղ կոռուպցիոն դրսեւորում լինի, որեւէ տեղ ապօրինություն լինի, եւ մեր համակարգը դրան չարձագանքի, բացառված ա դա։ Բայց ես ուզում եմ, որ հարցին հակառակ կողմից նայենք»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց նաև արտադրական կանեփի արտադրության հնարավորությանը․ «Դուք գիտեք ուրիշների, որ ուզում են էդ գործունեությամբ զբաղվել, չեն կարողանո՞ւմ զբաղվել։ Ձեր ասածը լուրջ պրոբլեմ ա։ Օրինակ՝ իմ ընտանիքի անդամներից կան մարդիկ, որոնք 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանից հեռացել են, ինչի՞, շատ պարզ պատճառով, որովհետեւ պատգամավոր լինեն, պիտի ասեն՝ բերեց, դարձրեց պատգամավոր, գործարար լինեն, պիտի ասեն՝ բիզնեսով ա զբաղվում իշխանությունը, մի տեղ վարձու աշխատող լինեն, պիտի ասեն հովանավորչության դեպք ա։ Ես ուրիշ բան եմ ասում՝ ընդունելով ձեր ասածը, որ պետք ա բոլոր դեպքերը հետաքննենք, ես ուզւոմ եմ ասել, որ իշխանության հետ կապ ունենալու բերումով մարդկանց պրիմիտիվ իրավունքները եկեք չոտնահարենք։ Իրավունք ունի՞ տենդեռի մասնակցել, իհարկե։ Էսօր, ասում եմ, բոլոր շինարարական ընկերությունները ծանրաբեռնված են, բոլորը»։

Նա նշեց, որ, ընդունելով լրագրողի հարցի դիտանկյունը, համարելով, որ էդտեղ կա դիտելու, ուսումնասիրելու բան, որը իրենք անում են եւ կանեն, բայց մյուս կողմից, իր խոսքով, չի ուզում, որ դա լինի անձնական հրահանգներով․ «Պետք է ինստիտուտներ գործեն»։

 

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի / «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել