Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
14:38 - 11 հունվարի, 2023

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, երեկ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Քոչարյանը դատարան էր դիմել 2021 թ ապրիլ ամսին՝ վարչապետի՝ դրան նախորդած մարտիմեկյան ելույթից հետո՝ խնդրելով պարտավորեցնել Փաշինյանին հերքել իր վերաբերյալ հրապարակային հնչեցրած արտահայտությունները, ճանաչել նրա կողմից իր արդար դատաքննության իրավունքի խախտումը եւ որպես այդ խախտման, ինչպես նաեւ զրպարտության արդյունքում իրեն պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում Փաշինյանից բռնագանձել ընդհանուր առմամբ 4 միլիոն ՀՀ դրամ։

Հիշեցնենք՝ այդ ելույթում, Փաշինյանը, ի թիվս այլնի, ասել էր․ «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարեւոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերեւա գործի դատաքննության ընթացքում»,- նշել էր նա՝  նկատի ունենալով Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ՝ դատարանում քննվող քրեական գործը։

Ըստ Քոչարյանի՝ Փաշինյանի խոսքը վերաբերում է, ի թիվս այլոց, նաեւ իրեն։ Ընդ որում, այդ խոսքի միջոցով, ըստ նրա, տարածվել են այնպիսի փաստական տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը եւ հանդիսանում են զրպարտություն։

Քոչարյանի ներկայացուցիչը պնդել է, որ Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, իր ելույթով խախտել է նաեւ իր վստահորդի անմեղության կանխավարկածը, որը արդար դատաքննության բաղկացուցիչ մասն է․ «Չսպասելով հայցվորի վերաբերյալ քրեական գործի ավարտին՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը արել է այնպիսի հայտարարություններ, որոնցից աներկբա հետևում է, որ ինքը հաստատված է համարում հայցվորին վերագրվող մեղադրանքի մի շարք դրույթների հաստատված լինելը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը առարկություն է ներկայացրել հայցի դեմ՝ նշելով, որ հայցվոր կողմը չի ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբերում էր հայցվորին․ «Այն կարծիք է, այլ ոչ թե փաստացի տվյալների ներկայացում, ավելին՝ այն նույնիսկ գնահատողական դատողություն չէ, քանի որ չունի հստակ հասցեատեր, այսինքն՝ չի պարունակում հստակ տեղեկություն կամ դատողություն՝ որևիցե կոնկրետ անձի կողմից գործողություն, անգործություն դրսևորելու մասին»։

Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածի խախտմանը, ըստ Փաշինյանի՝ անհասկանալի է, թե ինչպես կարող է հայտարարությամբ այն խախտվել, երբ դարձյալ հայտարարությունը չունի հստակ հասցեատեր եւ նման պայմաններում անհասկանալի է նաեւ՝ այդ հայտարարության հետեւանքով ինչ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է կրել որևիցե մեկը, այդ թվում՝ հայցվորը։

Լսելով կողմերին՝ դատարանը վճռել է մերժել Քոչարյանի հայցը՝ այն հիմնավորմամբ, որ
ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը որեւէ կոնկրետ անձի՝ մասնավորապես Քոչարյանին, չի անվանարկել, չի զրպարտել, այլ ելույթի վիճելի հատվածը վերաբերել է «այն ժամանակվա կառավարողներին, իշխանություններին», «մեղադրվող անձանց», «ոմանց», «կրակողներին», «սպանություններ կատարողներին»։ Այլ կեպ ասած՝ դատարանի գնահատմամբ, քննադատության են ենթարկվել խմբեր։ Դատարանը հիշեցրել է ՄԻԵԴ-ի այն դիրքորոշումը, ըստ որի՝ զրպարտության կապակցությամբ հայցի հարուցման հիմք պետք է հանդիսանա կոնկրետ անձի վերաբերյալ փաստական տվյալի վկայակոչումը։

Անդրադառնալով արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու եւ խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջին՝ Դատարանը եզրահանգել է, որ ելույթը հիմնականում իրենից ներկայացնում է քաղաքական խոսք, քանի որ պարունակում է քաղաքական խոսքին բնորոշ հատկանիշներ եւ քաղաքական գնահատականներ, բացի այդ այն միևնույն ժամանակ պարունակում է նաև հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ կարծիքներ և դատողություններ՝ կապված նաև 2008թ․ մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ․ «Վերոգրյալի համատեքստում դատարանը նախ հաստատված է համարում, որ ելույթի ընթացքում պատասխանողը որևէ կոնկրետ անձի՝ մասնավորապես հայցվորին, ընդհանրապես չի անդրադարձել, ուստի և հնարավոր չէր խախտել նրա անմեղության կանխավարկածի սկզբունքը, ինչն արդեն իսկ բավարար է արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու եւ խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջն անհիմն գնահատելու համար»։

Նշենք, որ վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել