Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. պաշտպանները գործի նյութերին ծանոթ չեն |news.am|
17:13 - 17 հունվարի, 2023

Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. պաշտպանները գործի նյութերին ծանոթ չեն |news.am|

news.am: Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, այսօր՝ հունվարի 17-ին, հետաձգեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասապարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։

Դատական նիստը հետաձգվեց Գասպարյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Ալեքսանդր Կոչուբաևի՝ գործի նյութերին ծանոթ չլինելու հիմքով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ին։

Նշենք, որ նախկին ոստիկանապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Ամբաստանյալի կարգավիճակ ունեն նաև ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը և Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը, որոնք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար։

Բոլոր ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը։

Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանը և նրա անվտանգության պետի պարտականությունները կատարած Արշակ Հակոբյանը պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք: Պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել