Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, այնուհետև՝ վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի վայրը
15:32 - 21 հունվարի, 2023

Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, այնուհետև՝ վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի վայրը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, հունվարի 21-ին այցելել է 2-րդ բանակային զորամիավորում:

Այս մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նա նշել է, որ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց, ծառայակից ընկերներին, հարազատներին և ընտանիքի անդամներին կորստյան ծանր վիշտը կիսելու, ցավակցության խոսք հղելուց հետո, բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին:

Այնուհետև Պաշտպանության նախարարը այցելել է ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի՝ ողբերգական դեպքի վայր:

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ներկայացրել է դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ: Վստահություն եմ հայտնել, որ նախաձեռնված վարույթի ընթացքում բոլորը հարցերը և դեպքի հանգամանքները լիարժեք կպարզվեն: Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել եմ խիստ ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները՝ նմանօրինակ դեպքերն իսպառ բացառելու համար»,- գրել է Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը այցելել է նաև մոդուլային զորանոցների կառուցման շինհրապարակներ, տվել համապատասխան հանձնարարականներ՝ զորանոցների կառուցման աշխատանքները պատշաճ և նախանշված ժամկետներում իրականացնելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել