«ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում»․ կայացել է ՀՀ ու ԵՄ միջև քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստը
11:06 - 27 հունվարի, 2023

«ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում»․ կայացել է ՀՀ ու ԵՄ միջև քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստը

2023թ. հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Մեկօրյա հանդիպումն արտացոլում է երկու կողմերի շահագրգռվածությունը՝ առաջ մղելու քաղաքական երկխոսությունը և արտաքին ու անվտանգային քաղաքականության ոլորտում համագործակցությունը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում հաջորդ կարևոր քայլ։

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Եվրոպական միության և ավելի լայն տարածաշրջանի համար առկա առանցքային անվտանգային հարցերին, մասնավորապես եվրոպական անվտանգության առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի արգելափակման հետ կապված աճող մարդասիրական մտահոգություններին։

Տեսադարան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է. «Հայաստանն ուրախ է հյուրընկալելու ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստը, որը կարևոր ձևաչափ է միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի քննարկման համար։ Հայաստանի միջազգային սահմանների մշտադիտարկման գործում Հայաստանն ակնկալում է Հայաստանում ԵՄ առաքելության հետ ամուր համագործակցություն։ Հայաստանն արժևորում է բոլոր միջնորդական և խթանման գործողությունները՝ ուղղված խաղաղության ու անվտանգության հաստատմանը, ինչն էական է Հայաստանի տարածքային ամբողջականության, Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար»։

ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան նշել է. «ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը։ Ընդամենն օրեր առաջ մենք հաստատել ենք ԵՄ քաղաքացիական առաքելություն Հայաստանում, որի նպատակը տեղում կայունության ամրապնդմանը, մարդկային անվտանգությանը և վստահության ձևավորմանը նպաստելն է։ Այսօր մեկնարկած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստն արտահայտում է արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցերում համագործակցությունն ընդլայնելու մեր փոխադարձ հետաքրքրությունը և պատրաստակամությունը աշխատել միասին՝ ի շահ խաղաղության, անվտանգության ու կայունության, հատկապես ներկայիս՝ մարտահրավերներով լի միջազգային համատեքստում, որը բնորոշվում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատերազմով»:

Հանդիպման ընթացքում Հայաստանը և Եվրոպական միությունը հաստատել են հանձնառությունը՝ աշխատելու հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների։ Այս համատեքստում կողմերը քննարկել են այս շաբաթվա սկզբին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական առաքելության առաջիկա տեղակայումը։ Հայաստանում ԵՄ առաքելությունն իր գործունեության և ԵՄ ղեկավարությանը ներկայացվելիք զեկույցների միջոցով կնպաստի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորությամբ իրականացվող ջանքերին:

Տեսադարան

Մտքերի համապարփակ փոխանակման ընթացքում երկխոսության մասնակիցները նաև քննարկել են ավելի լայն տարածաշրջանում տիրող իրավիճակը, ներառյալ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և անվտանգային այլ խնդիրներին առնչվող հարցեր։

ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության նիստերը նախատեսվում է անցկացնել պարբերաբար՝ ամենամյա սկզբունքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել