Կայացել է Հայ-իրանական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը
10:27 - 01 փետրվարի, 2023

Կայացել է Հայ-իրանական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ ս․թ․ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Նիստի նախօրեին կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։

Հանձնախմբի աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստի ավարտին փոխվարչապետը, նշելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է, շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և կարևորել է նման ձևաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիին հրավիրել է Երևան հաջորդ նման ձևաչափով նիստը անկացնելու համար։

Երկուստեք նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել