Գյումրիում բացվել են Բարեկամության այգու սահադաշտն ու վերնիսաժը
17:54 - 03 փետրվարի, 2023

Գյումրիում բացվել են Բարեկամության այգու սահադաշտն ու վերնիսաժը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է «Բարեկամության այգու» սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը, հիմնադրամի, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։
 
 
«Անչափ ուրախալի միջոցառման ենք մասնակցում, որն իրապես ազդարարում է Բարեկամության այգու ծրագրի իրականացման գործնական փուլ մտնելու մասին։ Բարեկամության այգին կառավարություն-համայնք-հիմնադրամ բարեկամության լավագույն օրինակն է, հենց այդ բարեկամության արդյունքում այգին նոր կյանք ստացավ։ Ուրախ եմ, որ «Ձմեռը Բարեկամության այգում» տոնական շունչ է ստացել սառցադաշտի ու վերնիսաժի բացմամբ։ Հույս ունեմ, որ այգու լիարժեք վերականգնման աշխատանքները կավարտվեն շուտով, և այն կդառնա հիանալի ժամանցի վայր թե տեղացիների, թե զբոսաշրջիկների համար՝ նպաստելով Գյումրու արհեստների, արվեստների զարգացմանը»,- ողջունելով ներկաներին ընդգծել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
 
Այգու վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։
 
 
ՀՀ Կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։
 
815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, հանդերձարաններով և գլխապտույտ ոլորաններով։
Վերնիսաժը, որի 25 փայտյա տաղավարները կառուցվել են տեղի արհեստավորների կողմից, կծառայի որպես մշտական ցուցահանդես-տոնավաճառ գյումրեցի վարպետների և արվեստագետների համար՝ նրանց ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով։
 
 
Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ Այն շուրջ 50 տոկոսով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024-ի ամռանը։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել