«Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր». Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
10:07 - 09 փետրվարի, 2023

«Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր». Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Եթե Ադրբեջանը հասել է նրան, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվում է զուտ ՀՀ-ՌԴ հնարավոր «ագրեսիան» կանխելու համար` Փաշինյանն է պնդում, ապա սա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվել է արտաքին աշխարհին համոզել, որ ՀՀ-ի դեմ իր հարձակումները «պաշտպանվելու» նպատակ են ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթումը, նոր բնագծեր, բարձունքներ վերցնելը դրանով է հիմնավորել ու փաստորեն ստացվել է:

Ի՞նչ մակարդակի անտերություն ու փլուզում պետք է լինի երկրի կառավարման համակարգում, որ Արցախի ուղղությամբ լայնամասշտաբ պատերազմ ձեռնարկեն, այնուհետև 5 հարձակում Հայաստանի ու Արցախի նկատմամբ, հետո ՀՀ-ն ու Արցախն իրար կապող միակ ճանապարհը փակեն, տարածքային հսկայական զիջումներ, կորուստներ տաս, հազարավոր մարդիկ զոհվեն, իսկ դու արտաքին աշխարհին դեռ փորձում ես համոզել, որ ագրեսոր չես, պատերազմի նախաձեռնող չես, պատերազմ չես ուզում:

Ու այս համատեքստում` իբր «ագրեսորի» կամ «ռևանշիստի» տպավորություն չթողնելու համար զորավարժություններ չես ձեռնարկում, բանակիդ մարտունակության բարձրացմանն ուղղված ինտենսիվ միջոցառումներ չես ձեռնարկում, դաշնակցիդ ռազմաբազան սպառնալիք ես հայտարարում ու հանգիստ սպասում, թե երբ թշնամիներդ հերթական արշավը կսկսեն քո երկրի նկատմամբ:

Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր»,- նշված է պատգամավորի գրառման մեջ։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 8-ին, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ Ադրբեջանը արևմտյան հարթակներում ընդդեմ Հայաստանի իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստվում է «հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ», և Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է քիչ թե շատ հավասարակշռել իրավիճակը՝ իր «խոցելիությունը» կառավարելու համար․ «Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից, բայց քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ և արևմտյան մեր գործընկերները սկսել են մեզ խեթ նայել, որ դուք հիմա իրականում պատասրավում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, «խեղճ» ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որ հավասարակշռենք։ Մենք ասեցինք՝ եկեք դիտարկեք, հասկացեք, այս ամենը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում»։

Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել