Օրերս ներկայացվեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախագիծ, որի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանն են։ Նախագծի շուրջ համացանցում ակտիվ քննարկումներ սկսեցին։ Ոլորտի մասնագետները ևս այսեղ մի շարք ռիսկեր նկատեցին։
Նախագծի, դրա հետ կապված հնարավոր ռիսկերի ու առաջարկների մասին զրուցել ենք Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) համակարգող խորհրդի անդամ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։
Առաջին հայացքից նպատակը բարի է։ Իսկապես, շատ ուսանողների համար նախագիծը կարևոր է, որովհետև հնարավորություն կտա լրացուցիչ ռեսուրս ստանալ՝ իրենց ուսման վարձը ու մնացած խնդիրները լուծելու համար։ Բայց որպեսզի ավելի օբյեկտիվ ու համակողմանի գնահատենք, պետք է հիմնվենք այն իրավիճակի վրա, որն այսօր ունենք։ Իսկ իրավիճակը հետևյալն է՝ մեր ուսանողների շատ մեծ մասը աշխատում է․ հատկապես բակալավրիատի երրորդ կուրսից սկսած աշխատողների թիվը շատ մեծ է, և այդ աշխատանքը նրանք անում են դասերի հաշվին։ Այսինքն, այսօր համալսարաններում խնդիր ունենք, որովհետև դասախոսը մտնում է լսարան, մի քանի հոգի են ներկա, մի քանիսն էլ գործից հոգնած եկել են դասի։
Հանրակրթության և աշխատանքի արանքում բարձրագույն կրթությունը խեղճանում է։ Հանրակրությունը այսօր երկարել, դարձել է 12 տարի։ Ուսանողները սկսել են շուտ մտնել աշխատաշուկա, և այս երկուսի արանքում բարձրագույն կրթությունը կարծեք թե խեղճանում ու մղվում է երկրորդ պլան։ Հիմա մենք լեգալացնում ենք այս իրավիճակը, ավելին՝ ուսանողներին մոտիվացիա ենք տալիս՝ շատ լավ է, որ աշխատում եք․ հիմա ընդամենը փորձեք օրինական աշխատել, և մենք պատրաստ ենք խրախուսել դա։
Կոռուպցիոն վտանգ։ Օրինագծում 60 ՄՈԳ է նշվում, այսինքն՝ ուսանողի միջին որակական գնահատականը պետք է բարձր լինի, բայց այստեղ ևս խնդիր կա։ Եթե ուսանողն աշխատում է, ինչպե՞ս կարող է բարձր ՄՈԳ ունենալ։ Իհարկե, որոշները, որոնք մասնագիտությամբ կամ չափավոր են աշխատում և ժամանակ են ունենում սովորելու, կարող են, բայց այստեղ, ՄՈԳ-ը բարձրացնելու և այդ արտոնությունից օգտվելու համար, կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջանալ։
Տեղի է ունենում այսպիսի մի քողարկված պրոցես․ ուսանողները շատ լավ հասկանում են, որ ԲՈՒՀ-ը իրենցից կախված է և ԲՈՒՀ-ի եկամտի 80-95 տոկոսը վարձավճարներից է ձևավորվում։ Նրանք կարող են խաղարկել սա ։ Կարող են ասել՝ եթե ուզում եք եկամուտ ունենալ, թողեք գնանք աշխատենք, բերենք, ձեր վարձերը տանք։ Այսինքն՝ ռիսկ կա ԲՈՒՀ-երի կախվածությունը շահարկելու։ Եվ եթե ԲՈՒՀ-ը փորձի հեռացնել դասի չհաճախող ուսանողներին, խնդիր է ունենալու։ Ո՞ր մեկին հեռացնի։ Այդքանին եթե հեռացնի, ինքը կփակվի։
Բարձրագույն կրթություն աշխատանքի դիմաց կամ որակի ռիսկեր։ Միգուցե սա կիրառենք, օրինակ, մագիստրատուրայի համար, տեսնենք՝ ինչ է լինում։ Մի կողմից հասկանալի է՝ ուսման վարձը թանկ է և ուսանողներից շատերի համար դժվար է վճարելը, բայց այստեղ մեկ այլ ռիսկ էլ կա։ Հնարավոր է ունենանք մի համակարգ, որի անունը ես կդնեի բարձրագույն կրթություն աշխատանքի դիմաց՝ գնա աշխատի, բեր վարձդ տուր, ստացիր դիպլոմը։ Այս կերպ հնարավոր է` աշխատուժի որակ չունենանք։ Եթե ուսանողը միայն դպրոցում է սովորել, հետո միանգամից սկսելու է աշխատել, նորմալ դասի չգալ, ինչպե՞ս կարող է մասնագետ դառնալ։ Հնարավոր է՝ մի քանի տաղանդավորների համար այդքանը բավարար է լավ մասնագետ դառնալու համար, բայց մեծ մասին բարձրագույն կրթություն է պետք։
Եթե մի դեղ քիչ թվով հիվանդների բուժում է, չի նշանակում, որ նույն դեղը պիտի բոլոր հիվանդներին տանք։ Աշխատանքը լավ բան է, բայց մեծ մասամբ այդ աշխատանքը խանգարում է սովորելուն։ Դուք կարող եք բերել ձեր հարևանի, բարեկամի օրինակը, ով աշխատել է, լավ սովորել, լավ մասնագետ է դարձել, բայց այդպիսի մարդկանց թիվը քիչ է։ Եթե ինչ-որ մի դեղ քիչ թվով հիվանդների բուժում է, չի նշանակում, որ մենք պիտի նույն դեղը բոլոր հիվանդներին տանք․ դա է խնդիրը։Եթե մի քանի հոգի կարողանում են ուսումը, աշխատանքը համատեղել, չի նշանակում, որ բոլորը կարող են։
Ստացվում է, որ այն ուսանողը, ով չի աշխատում, նորմալ դասի է գնում, տուժում է։ Բայց այդ ուսանողներն էլ կամ անվճար են սովորում կամ այնպիսի ընտանիքից են, որտեղ ծնողները կարողանում են ծախսերը հոգալ։ Իմ մտահոգությունն այն է, որ սա մոտիվացնում է աշխատելը ու նրանք, ովքեր այսօր չեն աշխատում, որպեսզի սովորեն, հիմա իրենք էլ են ուզենալու աշխատել և օգտվել այդ ծրագրից։ Կարծում եմ՝ նախագիծը քննարկման կարիք ունի։
comment.count (0)