Չկայացած քաղաքական ուժերը փորձում են ուշադրություն գրավել՝ Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշն օգտագործելով. Ն. Զոհրաբյանը` ՔՈ-ի պահանջի մասին |tert.am|
13:22 - 01 մայիսի, 2019

Չկայացած քաղաքական ուժերը փորձում են ուշադրություն գրավել՝ Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշն օգտագործելով. Ն. Զոհրաբյանը` ՔՈ-ի պահանջի մասին |tert.am|

tert.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջարկում միայն մեկ մոտիվացիա է տեսնում՝ գնալ քաղաքական էպատաժի ճանապարհով՝ բարձր վարկանիշ ունեցող գործչի դեմ քայլ անելով ուշադրություն գրավել:

«Կան քաղաքական ուժեր, որոնք ոչ մի բանով աչքի չեն ընկել, ընտրությունների ժամանակ հանրության քվեն չեն կարողացել ստանալ, այլ ասելիք չունեն հանրությանը, այլ զբաղմունք չունեն, և տվյալ քաղաքական ուժերին մնում է գնալ քաղաքական էպատաժի ճանապարհով, այսինքն՝ փորձել մի այնպիսի քայլ, որ իրենց մասին գոնե հիշեն, գոնե խոսեն, իսկ նման քայլ ո՞ւմ դեմ կարող են անել, ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչների դեմ, տվյալ դեպքում ընտրել են Գագիկ Ծառուկյանին»,- ասաց նա:

Զոհրաբյանը նշեց, որ ՔՈ-ի մասին խոսելով՝ քաղաքական ուժ ձևակերպումն էլ մեծ վերապահմամբ է անում: «Բայց քանի որ լեգիտիմ ընթացակարգը պահպանել են, պետռեգիստրում մուծումներ են արել և գրանցվել, իրավունք ունեն համարվելու քաղաքական ուժ: Այդ չկայացած քաղաքական ուժերը պարտադիր անցնում են քաղաքական մանկական կարմրուկի, դիզենտերիայի, կապույտ հազի շրջանը և հետո եթե անիմաստ էպատաժներով քաղաքական գործունեությունը շարունակում են, շատ սահուն կերպով հայտնվում են քաղաքական լուսանցքում: Այս տարիների ընթացում մենք տեսել ենք բազմաթիվ էպատաժային քաղաքական ուժեր, որոնք հիմա հայտնի չէ, թե որտեղ են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը: Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ԱԺ նախագահը այդ հարցով հանդես կգա հայտարարությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել