armenpress.am: 2023 թվականի հունվարի 1-ին Երևանում ավարտվել է ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին հանրապետությունում հաշվառվել է 26 հազար 615 ինքնակամ շինություն, որից 16 հազար 264-ը Երևանում: Կան ավտոտնակներ, բնակելի տներին կից կառուցված շինություններ, հասարակական, արտադրական օբյեկտներ և այլն:
Մայրաքաղաքի համար սահմանվել էր վերջնաժամկետ, որ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունները 2022 թվականին հաշվառվեն: Փորձը ցույց տվեց, որ քաղաքացիները գործընթացը թողել էին վերջին օրվան:
«Մենք տարվա ընթացքում փորձել ենք հնարավորինս իրազեկել քաղաքացիներին վերջնաժամկետների մասին: Վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական ծանրաբեռնվածությունն ընկավ դեկտեմբեր ամսվա վրա: Եթե սովորական շրջանում ամիսը 1000 ու մի փոքր ավելի հաշվառում էր կատարվում, ապա դեկտեմբերին 7 հազար 500 հաշվառման դիմում ենք ստացել»,-ասաց Գևորգ Մանուկյանը:
Այդ շրջանում, մեծ պահանջարկով պայմանավորված, շուկայում նկատվել էր նաև չափագրման ծառայությունների նկատելի աճ: Եվ որպեսզի նման խնդիրների առաջ քաղաքացիները չկանգնեն, Կադաստրի կոմիտեն մարզերի բնակիչներին խորհուրդ է տալիս չթողնել վերին օրվան և ժամանակին դիմել ինքնակամ կառույցը հաշվառելու համար: Այժմ գործընթացն իրականացվում է մարզերում, մասնավորապես, մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ժամկետ է սահմանված քաղաքային բնակավայրեր ընդգրկող համայնքների, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը՝ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների համար:
«Կուտակումներից, հերթերից զերծ մնալու, ծառայությունների գնաճային խնդիրներին չբախվելու համար մեր հորդորն է, ճիշտ հաշվարկել ժամկետները և ժամանակին իրականացնել ինքնակամ շինության հաշվառումը՝ չսպասելով վերջին օրվան»,-ասաց Գևորգ Մանուկյանը:
Այժմ էլ մարզերում հաշվառում կատարվում է: Ցուցանիշները վկայում են, որ ամենապասիվն այդ հարցում եղել են Տավուշի, Վայոց ձորի մարզերը: Առավել ակտիվ են Կոտայքի և Արմավիրի մարզերը:
Ի՞նչ է լինելու ինքնակամ շինությունների հաշվառումից հետո: Այս հարցին Կադաստրի կոմիտեում դժվարանում են պատասխանել: Գևորգ Մանուկյանը տեղեկացրեց, որ դեռ չկա որևէ իրավական ակտ, որով ժամկետներ են սահմանվելու ինքնակամ կառույցների օրինականացման համար:
Եթե քաղաքացին, ամեն դեպքում, ցանկանում է սեփականաշնորհել ինքնակամ շինությունը, ապա դրա հաշվառումը պարտադիր բաղադրիչ է լինելու: Մյուս կողմից հաշվառումը չի ենթադրում, որ ինքնակամ կառույցն անպայման օրինականացվելու է: Սեփականշնորհման գործընթացը սկսելու ժամանակ դա պարզ կլինի: Եթե շինությունը կառուցված է քաղաքաշինական նորմերի խախտումներով, չթույլատրված վայրերում, ապա ենթակա չէ օրինականացման:
comment.count (0)