Դեռևս 2020-ին Հայաստանը 2 մլրդ դրամ է ներդրել Մարգարայի կամրջի ճանապարհը նորոգելու համար. Գեղամ Մանուկյան
 |news.am|
13:39 - 17 փետրվարի, 2023

Դեռևս 2020-ին Հայաստանը 2 մլրդ դրամ է ներդրել Մարգարայի կամրջի ճանապարհը նորոգելու համար. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Այսօր պատմական են գնահատում Մարգարայի կամրջով հումանիտար օգնության մուտքը Թուրքիայի տարածք եւ հայ փրկարարների վերադարձը նույն կամրջով. շեշտադրումներն այնպես են կատարվում, որ հայկական կողմից այլեւս որեւէ հիշատակում չկա, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993-ին Թուրքիայի կողմից որպես ճնշման գործիք: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ դեռեւս 2022-ի հուլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Մարգարայի կամրջի հատված եւ ասել՝ ծանոթացա պետական բյուջեի միջոցներով Մ3-Թուրքիայի սահման –Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: «Դրանից մի քանի օր առաջ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հտուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ նրանք հասել են պայմանավորվածության Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, նաեւ Թուրքիա-Հայաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել»,-ասաց պատգամավորը:

Մանուկյանի խոսքով՝ 2020-ի հունիսի 25-ին, երբ չկար 44-օրյա պատերազմ, չկային հայ-թուրքական գործընթացները, ընդհանրապես չէր խոսվում սահմանի բացման մասին: «Այդ նույն օրերին հրապարակվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ Թուրքիան դիտվում է որպես Հայաստանի համար վտանգավոր պետություն, որ հավանական կոնֆլիկտի դեպքում Թուրքիան կարող է միջամտություն ունենալ  եւ աջակցել Ադրբեջանին: Եվ 2020-ի հունիսի 25-ի կառավարության նիստում բյուջեում փոփոխություն է կատարվում, որով նախատեսվում է վերանորոգել Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան հատվածը, նաեւ Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման ճանապարհը: Փաստորեն դեռ այն ժամանակ կառավարությունը 2 մլրդ դրամից ավելի գումար է հատկացրել փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար»,-ասաց նա:

Հարցին, թե այս փաստերն ինչի՞ մասին են վկայում, Գեղամ Մանուկյանն ասաց. «Պետք է հիշեցնեմ, որ այդ ժամանակ կային ոչ պաշտոնական խոսակցություններ, որ Հայաստանի եւ թուրքիայի միջեւ ստվերային քննարկումներ կան: Ավելի ուշ, երբ լրագրողները ԱԳ նախարար Արա Այվազյանին հարցնում են, թե կա՞ հայ-թուրքական երկխոսություն, նա ոչ թե հերքում է, այլ ասում է՝ ինձ նման երկխոսության մասին հայտնի չէ: Որեւէ հիմնավորում, թե ինչու պետք է Մարգարայի կամրջից սկսած ճանապարհի վրա 2 մլրդ-ից ավելի գումար ծախսվի, չկա: Այդ հատվածը կույրաղիք հատված է համարվել 30 տարի»:

Գեղամ Մանուկյանի խոսքով, իշխանությունները խաբում են, թե Անիի կամրջի վերանորոգումը նոր ձեռք բերված համաձայնություն է, եւ Հայաստանը դեռ 2020-ին 2 մլրդ դրամ է ծախսել թուրքիայի սահմանի ճանապարհը վերանորոգելու համար:

«Իմ եզրահանգումը հետեւյալն է. Հայաստան-Թուրքիա ներկայիս հարաբերություններում թուրքական կողմը սահմանափակվում է փոքրիկ, խորհրդանշական ժեստերով, որոնք որեւէ գործնական արդյունք չունեն Հայաստանի համար: ՀՀ իշխանությունները փորձում են այդ ժեստերը հրամցնել որպես պատմական դեպքեր, բայց ինչպես վկայում է Չավուշօղլու-Միրզոյան ասուլիսը, Թուրքիան շարունակում է իր բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ  պայմանավորել Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցություններով եւ շարունակում է խոսել  նախապայմանների լեզվով: Թուրքիան շարունակելու է իր ճնշումները, մինչեւ Հայաստանը Ադրբեջանի հետ չի պայմանավորվել այն փաստաթղթի շուրջ, որը թեեւ Հայաստանը կոչում է խաղաղության պայմանագիր, բայց իրականում պատերազմի  հիմքեր ստեղծող պայմանագիր է»,-ընդգծեց Գեղամ Մանուկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել